Հայաստանն ինքն է որշոում, թե ինչպես և որ ուղղությամբ զարգացնի իր անվտանգության վեկտորը: Մայիսի 22-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի պետ Յասպեր Վիկը:
Նրա ասելով, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը չի սահմանափակում փոխգործակցությունն այլ կառույցների հետ: «Այսպես, Հայաստանը գործընկերային հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ և, միաժամանակ, ՀԱՊԿ անդամ է: Եվ այդ երկկողմ վեկտորը խնդիրներ չի ստեղծում», - նշել է նա:
Նրա ասելով, գործընկեր երկիրը, տվյալ դեպքում Հայաստանը, ինքն է որոշում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորությունն ու աստիճանը: Ընդ որում նա նշել է, որ ՆԱՏՕ-ն տրամադրում է համագործակցության գործիքներ, սակայն գործընկեր երկիրը ինքն է ընտրում իրեն անհրաժեշտ գործիքները:
«Հայաստանը շահագրգռված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ խաղաղապահության ոլորտում: Այսպես, 120 հայ խաղաղապահներ գործունեություն են իրականացնում Աֆղանստանում, ևս 35-ը` Կոսովոյում, ծառայում են նաև Լիբանանում` ՄԱԿ զորակազմում: Եվ մենք ուրախ ենք Հայաստանի այդ գործունեության համար, որը թույլ է տալիս ամրապնդել գործընկերային հարաբերությունները», - նշել է Գերմանիայի ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի ղեկավարը:
Նա նաև ենթադրել է, որ Հայաստանը շահագրգռված է իր զինծառայողների մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացմամբ: «Կարծում եմ, Հայաստանում շահագրգռված են նաև ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի (կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին – խմբ.) իրագործմամբ», - եզրափակել է Վիկը: