Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը Մոսկվայի աշխարհաքաղաքական խուսավարման ուղեգծում առանձնակի շտկումներ չի մտցնի, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան ռեգիոնագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
ՙԿհամարձակվեմ ենթադրել, որ Մոսկվա-Երևան-Անկարա հարաբերությունների դինամիկայում զգալի բեկումներ, Հայաստան և Թուրքիա Ռուսաստանի առաջին անձերի այցերի լույսի ներքո, սպասել պետք չէ: Կրեմլը կշարունակի գոյություն ունեցող արտաքին քաղաքական ուղեգիծն ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ`Եվրասիայում. գործընկերների սուր դեֆիցիտի պայմաններում`ռազմավարական դաշնակցությունը Երևանի հետ և շուկայական հարաբերությունները Բաքվի ու Անկարայի հետ՚,- նշել է վերլուծաբանը:
Նման պրագմատիկությունը հասարակ մարդկանց զգացմունքներն արհամարհող և ցինիկ համարելով`Մարկեդոնովն ընդգծել է, որ Մոսկվայի քաղաքականությունը ոչ մի կերպ չի խախտում հետխորհրդային տարածության հարավում ձևավորված ստատուս-քվոն:
ՙԱյդ պատճառով նախագահ Պուտինը ձեռնպահ է մնացել Երևանում սկզբունքային նոր աշխարհաքաղաքական հայտարարություններից`սահմանափակվելով միայն անցյալի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով: Մոսկվայի հետ տնտեսական փոխգործակցությամբ և եվրասիական քաղաքականության դիվերսիֆիկացմամբ շահագրգռված Անկարան իր հերթին Պուտինի երևանյան այցի ավելորդ դրամատիզացման չի գնա`հատկապես հաշվի առնելով Գալիպոլիի տոնակատարություններին ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի մասնակցության փաստը՚,- ամփոփել է ռուսաստանցի վերլուծաբանը: