Այս տարի Հայաստանը
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայից հրավեր չի ստացել ծրագրի իրագործման
համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` դեկտեմբերի
19-ին հրաժեշտի մամուլի ասուլիսում:
Նրա ասելով, դեռ մի քանի տարի առաջ Հայաստանը չէր
համապատասխանում կորպորացիայի ծրագրերին մասնակցելու համար անհրաժեշտ
չափանիշներին: Սակայն վերջին երկու տարիներին իրավիճակը բարելավվել է, և
հանրապետությունը հաղթահարել է անհրաժեշտ պահանջների շեմը, սակայն շատ մոտ է
առավելագույն շեմին, հատկապես` կոռուպցիայի հարցում:
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայում
մրցակցությունը չափազանց մեծ է, և 23 երկրներից ընդամենը 2-3-ն են նախագծի
իրագործման առաջարկություն ստանում: Հայաստանն այս տարի նման հրավեր չի ստացել», -
ամփոփել է դիվանագետը:
Նշենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան
ֆինանսական օժանդակություն է տրամադրում զարգացող երկրներին` տարբեր սոցիալական և
ագրարային ծրագրեր իրականացնելու համար, պայմանով, որ այդ երկրները պետք է
համապատասխանեն պահանջվող միջազգային ստանդարտներին:
Առաջին
անգամ Հայաստանը հիմնադրամի հետ համաձայնագիր էր ստորագրել 2006 թվականին`
գյուղական աղքատության նվազեցման և ագրարային ոլորտում կայուն տնտեսական աճի
ծրագրի ֆինանսավորման համար: Հինգ տարի անց ծրագիրն ավարտվեց, փողերը ծախսվեցին,
սակայն ոչ մի զարգացում չդիտվեց: Անցյալ տարի և այս տարի Հայաստանը մերժում է
ստացել կորպորացիայից: