Նոյեմբերի
8-ին Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում միաժամանակ մեկնարկում է
մանկապատանեկան ֆիլմերի «Ռոլան» 10-րդ միջազգային փառատոնը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է փառատոնի մամուլի
քարտուղար Կարինե Գրիգորյանը, փառատոնի ծրագրում ներառված է 145 ֆիլմ` 38
երկրներից: Փառատոնի շրջանակում կընթանան պրեմիերաներ, հանդիպումներ բուհերում և
հանրակրթական դպրոցներում: Հոբելյանական փառատոնի առնչությամբ ժյուրիի կազմում
կներառվեն բացառապես երեխաներ և դեռահասներ: «Խաղարկային Ֆիլմ» անվանակարգում
հաղթողներին կընտրեն Ալավերդի, Վանաձոր, Թեղուտ և Շնող համայնքների երեխաները,
«Հանդիսատեսի համակրանքի» մրցանակակրին` Գավառի մանկատան երեխաները, լավագույն
«Անիմացիոն ֆիլմը»` «Թումո» նորարական տեխնոլոգիաների կենտրոնի սաները, «Իրավունք
ունեմ» անվանակարգում հաղթողներին` Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի
ուսանողները: «Պատիվ ունեմ» անվանակարգի լավագույն հայրենասիրական ֆիլմերը կընտրեն
Գորիսի, Սիսիանի, Իջևանի, Նուբարաշենի և Վարդենիսի զինծառայողները:
Հիշեցնենք,
որ նախորդ տարի փառատոնի ծրագրում ներառված էր 113 ֆիլմ աշխարհի 34 երկրներից: Այն
ժամանակ Գրան-պրիի արժանացավ Մարկուս Ռոզենմյուլերի «Հրաշամանուկները» (Գերմանիա):
«Խաղարկային կինո» անվանակարգում հաղթեց Նորբերտ Լեխների «Թոմն ու Հեկը»
(Գերմանիա/Ավստրիա), «Անիմացիոն ֆիլմ» անվանակարգում` Հայկ Սահակյանցի Quantum
jump-ը
(Հայաստան), Քելի Էսբյորիի «Գնոմեոն և Ջուլիետը» (ԱՄՆ/Մեծ Բրիտանիա), «Երաժշտական
ֆիլմ» անվանակարգում` Մարկուս Ռոզենմյուլերի «Հրաշամանուկները»,
«Հանդիսատեսի համակրանքի մրցանակը»
շնորհվեց Մարիա Պետերսի «Ողջույն Մայքից» ֆիլմին (Նիդերլանդներ):