Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի ընդունման վրա ազդել է Վատիկանում պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը, ինչպես նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող գորընթացների շուրջ Անկարայի հիստերիան: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Դա կարևոր փաստաթուղթ է, քանի որ իրավական ուժ ունի, և այն հետագայում ընկած կլինի այլ, ոչ պակաս կարևոր փաստաթղթերի հիմքում», - նշել է քաղաքական գործիչը: Պատգամավորը նշել է, որ փաստաթղթում կա երեք կարևոր շեշտադրում. քաղաքական` ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման անհրաժեշտության վերաբերյալ, պատմական` 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցությամբ հայ ժողովրդին բարոյապես աջակցելու անհրաժեշտության վերաբերյալ: «Երրորդ շեշտադրումն առնչվում է հայ-թուրքական հաշտության գործընթացին: Բանաձևում Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել առերեսվել սեփական պատմության հետ, ինչպես նաև քայլեր ձեռնարկել կառուցողական երկխոսություն հաստատելու ուղղությամբ, որը կհանգեցնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման», - ընդգծել է Զաքարյանը: Նրա կարծիքով, նման հայտարարությամբ Եվրախորհրդարանը հստակ հասկացրեց, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կախված է բացառապես Անկարայից, հետևաբար, իր պարտավորությունների կատարմանը նպատակաուղղված գործողություններ չձեռնարկելու դեպքում Թուրքիան չի կարող անդամակցել Եվրամիությանը և դառնալ եվրոպական արժեքների կրող:
Նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում Անկարային, Եվրահանձնաժողովին և Եվրախորհրդին կոչ է արվում ճանաչել և դատապարտել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: Կառույցը Թուրքիային կոչ է արել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղիներ գտնել, կատարել հայերի և մյուս ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման գծով ստանձնած իր պարտավորությունները: Փաստաթուղթը նաև Հայաստանին և Թուրքիային կոչ է անում իրագործել հայ-թուրքական արձանագրությունները` սահմանի հետագա բացման և տնտեսական ինտեգրման հեռանկարով: Եվրախորհրդարանի բանաձևը կուղարկվի Եվրախորհուրդ, Եվրահանձնաժողով, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներին, ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարաններ և կառավարություններ: Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռ 1987 թվականին: