Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Մինսկի ձևաչափից» կհրաժարվի միայն Ռուսաստանից կամ Արևմուտքից իր իշխանության պահպանման հուսալի երաշխիքներ ստանալուց հետո: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Նշենք, որ օրերս քննադատելով համանախագահների գործունեությունը, Իլհամ Ալիևը ԵԱՀԿ ՄԽ-ն որակել էր անիմաստ կազմակերպություն: Ինչիկց հետո, տառացիորեն հաջորդ օրը, ԵԱՀԿ ՄԽ գործունեությունից դժգոհություն էր հայտնել արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ինչից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հերթական անգամ գոհունակություն հայտնեց ԵԱՀԿ ՄԽ գործունեության առնչունթյամբ, նշելով, որ համանախագահների դիրքորոշումը համընկնում է Հայաստանի դիրքորոշմանը:
«Հենց այդ երաշխիքները, Բաքվի ընկալմամբ, նաև պետք է ենթադրեն Ադրբեջանին գործողությունների ազատության տրամադրում Արցախի հարցում: Ալիևը նաև ակնկալում է ուժի այդ կենտրոնների կողմից այս հարցում անհրաժեշտ քաղաքական, տնտեսական և ռազմական աջակցության խոստում», - ընդգծել է նա:
Մելիքյանը կարծում է, որ մինչև բոլոր վերը նշված երաշխիքներն ստանալն Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ձեռնպահ մնալ կտրուկ քայլերից Մինսկի ձևաչափի փոփոխման ուղղությամբ:
«Անկասկած, ռազմատենչ հռետորաբանությունը և շփման գծում զինված սադրանքները, որոնք նպատակ ունեն շանտաժի ենթարկել բոլոր շահագրգիռ խաղացողներին, առաջվա նման կմնան Բաքվի քաղաքականության զինանոցի մի մասը», - նշել է վերլուծաբանը:
Նշենք, որ Ալիևի հայտարարություններին հետևեց ադրբեջանցի փորձագետների մեկնաբանությունների տարափ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հասցեագրված քննադատությամբ և մեղադրանքներով, որոնց համաձայն, համանախագահները մինչ օրս ոչ մի հաջողության չեն հասել իրենց գործունեությունում, «իսկ նրանց երեսպաշտ քաղաքականությունը դարձել է լուրջ խոչընդոտ հակամարտության կարգավորման ճանապարհին»: Բաքվում կարծում են, թե համանախագահների ինստիտուտը կամ պետք է վերանա, կամ պետք է լրջորեն փոխվի դրա կազմը: