Վրաստանի կառավարությունը ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ բանակցություններ է վարում Ռուսաստանից Հայաստան գազի տարացման ավելացման շուրջ, ասել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Կախա Կալաձեն, հաղորդում է «Բլաք սի պրեսը»:
Վրաստանը 2007 թվականից ռուսական գազ չի գնում, նրա հիմնական մատակարարն Ադրբեջանն է: Սակայն Վրաստանն ստանում է Հայաստան ռուսական գազի տարանցման ընդհանուր ծավալի 10%-ը: «Բրյուսելում հանդիպման ժամանակ մենք Հայաստան մատակարարվող գազի ծավալի ավելացման հարց ենք բարձրացրել, քանզի մեզ համար կարևոր է, որպեսզի գազամուղն առավելագույնս ծանրաբեռնված լինի, և մենք ավելի մեծ ծավալի գազ ստանանք: Եվ եթե առևտրային ընկերություններն ունենան ցանկություն և հնարավորություն, ապա կարող են ստանալ նաև ռուսական գազ», - հայտարարել է Կալաձեն:
Գազի մատակարարումների շուրջ Վրաստանը բանակցություններ է վարում նաև Իրանի հետ: «Մեր գլխավոր մատակարարն Ադրբեջանն է, սակայն, ինչպես ցանկացած զարգացած երկիր, մենք մտածում ենք էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման մասին: Այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանից գազի լրացուցիչ ծավալների մատակարարմանը, մենք ակտիվ աշխատանք են վարում նաև Իրանի հետ», - նշել է Կալաձեն:
«Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ Կալաձեն հանդիպել էր սեպտեմբերի վերջին` Բրյուսելում: Կողմերը քննարկել էին ռուսական բնական գազի Վրաստան մատակարարման, ինչպես նաև դրա երրորդ երկրներ տարանցման հարցերը: