Ղարաբաղյան հակամարտության
հայկական կողմերի սիմետրիկ հակահարվածներն ի պատասխան ադրբեջանական դիվերսինաերի` Բաքվին խաղաղության պարտադրման լավագույն միջոցն
են: ԱրմԻնֆո գործակալությանն
այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն
Սաֆրաստյանը` մեկնաբանելով վերջին դիվերսիաները հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանում:
«Դա նոր, անիմաստ պատերազմը կանխելու միակ միջոցն է: Եթե մեր ԶՈՒ պատասխան գործողություններն այդքան ստույգ չլինեին, նոր պատերազմի սկսման վտանգն անհամեմատ ավելի մեծ կլիներ: Եվ ամեն անգամ պատասխան ստանալով իրենց դիվերսիաներին և սադրանքներին` Բաքվում գիտակցում են, որ համանման պատասխան կստանան լայնածավալ պատերազմ սանձազերծելու դեպքում», - նշել է նա:
Պրոֆեսորը համոզված է, որ եթե Բաքվի վարչախումբը վստահ լիրներ սեփական ուժերին, ապա արդեն վաղուց ռազմական գործողություններ սկսած կլիներ, և հարևան երկրի իշխանություններն այդ վստահությունը կարող են ստանալ միայն նման սադրանքներ կազմակերպելով և տեսնելով առնվազն սիմետրիկ պատասխանի բացակայություն: Այդ լույսի ներքո Սաֆրաստյանը զսպիչ դեր է վերապահում հայկական ԶՈՒ պատասխան գործողություններին` հաշվի առնելով պատերազմի բարձր հավանականությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական հաշտության պայմանագրի բացակայության ֆոնին:
«Այդ ֆոնին ես չափազանց քննադատաբար եմ վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաշտության կոչերին և հայտարարություններին` ուղղված հակամարտության բոլոր կողմերին: Այդ հայտարարությունները պետք է հասցեական բնույթ կրեն և ուղղվեն Բաքվին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության առաջացման հիմնական նախաձեռնողն է: Մինսկի խումբը պետք է դատապարտի Բաքվի վարչախմբի նման գործողությունները, որոցն արդյունքում շարունակում է թափվել անմեղ մարդկանց արյունը: Առ այսօր դա չի արվել, ինչից էլ օգտվում է Ադրբեջանը», - ամփոփել է Սաֆրաստյանը: