Ադրբեջանի ՊՆ-ն զարմացած է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ուղղաթիռի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԱՀԿ
Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն ափսոսանք և զարմանք է առաջացնում:
ՙԶորքերի շփման գծում որևէ չեզոք տարածք չկա և չի կարող լինել: Հայաստանի կողմից ՙօկուպացված՚ հողերը միջազգային հանրության կողմից ճանաչված ՙԱդրբեջանի տարածքներ՚ են: Հայտարարությունում հիշատակված ՙմարդասիրական միջանցք՚ տերմինն անհասկանալի է և նախատեսված է նրանց համար, ովքեր տեղյակ չեն հակամարտության էությանը: Ներկայումս այդ տարածքում քաղաքացիական անձինք չկան, որպեսզի մարտական գործողությունների գոտուց նրանց դուրս բերման համար որևէ ՙմիջանցք՚ բացվի՚,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ:
Ըստ որում, ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ ՙդադարեցնել կրակն աղետի վայրի գոտում և նպաստել տարածքի ականազերծմանը հայտարարությունն անհիմն է և նախատեսված է հայկական կողմի շահերի համար՚:
ՙԴա հնարավոր կդառնա միայն այն դեպքում, եթե Հայաստանի զինված ուժերն ամբողջովին դուրս բերվեն ՙօկուպացված տարածքներից՚: Չնայած միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների պահպանման առնչությամբ հայկական կողմին ուղղված Ադրբեջանի մշտական կոչերին`Հայաստանը միշտ անտեսում է դրանք և շարունակում հանցանք գործել՚,- ասվում է հայտարարության մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում նշել են, որ խորապես մտահոգված են նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցքի բացակայության առնչությամբ: Ինչպես ասվում է հայտարարությունում, ուղղաթիռի բեկորներն ընկած են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի չեզոք գոտու ականապատ տարածքում:Այդ առնչությամբ, Մինսկի խմբի միջնորդները կողմերին կոչ են արել դադարեցնել կրակն աղետի վայրի գոտում եւ նպաստել տարածքի ականազերծմանը: Այնուհետև միջնորդները կողմերին հիշեցրել են հրադադարի ռեժիմը հարգելու անհրաժեշտության և հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով Սոչիի, Նյուպորտի և Փարիզի հանդիպումներում ստանձնած պարտավորությունների մասին: Նշենք, որ հայկական կողմը դեռ չի կարող պարզել խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը` ադրբեջանական կողմից միջադեպի վայրի անդադար գնդակոծության պատճառով: Ադրբեջանական կողմն այդպես էլ անվտանգության երաշխիքներ չի տրամադրելլ Կասպրչիկի գլխավորած ԵԱՀԿ դիտարկման խմբին` հայկական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար: Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել են ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ ՙՄի-24՚ ուղղաթիռը, որում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: