Beeline-ը և
ԻՏՁՄ-ն պարգևատրեցին ԴիջիՔամփ ամառային
տեխնոլոգիական ճամբարի հաղթողներին։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության
լրատվական ծառայությունից, օգոստոսի 10-20-ը Գեղարքունիքի Ծաղկունք հյուրատանն
անցկացված ճամբարին մասնակցել են 40 երիտասարդ, որոնց ներկայացրած գործարար
առաջարկներն լավագույն են ճանաչվել ընտրական փուլի արդյունքում։ Ճամբարի
մասնակիցները հնարավորություն են ստացել կատարելագործել իրենց ծրագրերը՝
փորձագետների խորհրդվատության, գործարարների
և թիմային աշխատանքի շնորհիվ։
Հանձնաժողովի որոշմամբ ճամբարի հաղթող է ճանաչվել 3
մասնակից։ ԴիջիՔամփ 2014–ին առաջին տեղը գրավեց սերմնացան ռոբոտի գաղափարը, որի
հեղինակն է Սպիտակից Տիգրան Սարգսյանը: Երկրորդ մրցանակը շնորհվեց Երևանից Դավիթ
Ավետիսյանին, ով առաջարկեց «Թոփ տարիֆ» գաղափարը. ծրագիր, որը վերլուծում է
բաժանորդի շարժական կապի ծառայությունների օգտագործումը և ստացած արդյունքների
հիման վրա առաջարկում է շահավետ սակագին։
Իսկ երրորդ մրցանակին արժանացել է պաղպաղակի արտադրության ավտոմատացված սարքի գաղափարը, որը առաջարկվել է ԵՊՃՀ
ռոբոտաշինության խմբակի կողմից։ Բոլոր հաղթողներն արժանացան դրամական պարգևների,
իսկ ճամբարի բոլոր մասնակիցներին հանձնվեցին ԴիջիՔամփ 2014-ի հավաստագրեր:
«Ի սրտե շնորհավորում եմ տեխնոլոգիական ճամբարի
հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլորին ակտիվ մասնակցության համար։
Ճամաբարի մեկնարկի առաջին իսկ օրից ես հանդիպում եմ Ձեզ հետ և պետք է նշեմ, որ շատ
տպավորված եմ տեսնելու հենց Ձեր նման երիտասարդների, ովքեր իրենց սեփական
ջանքերով և աշխատանքով կերտում են իրենց
ապագայի կանաչ ճանապարհը, իսկ Beeline-ը կօգնի ձեր կյանքը դարձնել ավելի լավ։
Ակնկալում եմ, որ մոտ ապագայում մենք դեռ շատ առիթներ կունենաք հանդիպելու թե՛
որպես ընկերներ և թե՛ որպես գործընկերներ»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր
Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մեր նպատակը երիտասարդների շրջանում տեխնոլոգիական
ձեռներեցության աջակցությունն է: Ճամբարի միջավայրը էապես նպաստեց, որ
երիտասարդները իրենց գաղափարների իրագործման համար գործուն թիմեր ձևավորեն և ստացած
փորձի հիման վրա իրագործեն սեփական բիզնես գաղափարները»,- ասաց ԻՏՁՄ գործադիր
տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ճամբարի մասնակիցներն առավել հետաքրքիր գաղափարների
իրականացման նպատակով աշխատանքային թիմեր էին կազմել, ներկայացրել բիզնես պլան,
մարքեթինգային ծրագիր և գաղափարը բիզնեսի վերածելու համար հնարավորինս ավարտուն
տեսք: Գործարար առաջարկներն ներկայացվել են հանձնաժողովի անդամներին։ ԴիջիՔամփ
2014-ի հաղթող թիմերին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու հոկտեմբերի 3-5-ը
կայանալիք ԴիջիԹեք 2014 տասերորդ հոբելյանական միջազգային տեխնոլոգիական
ցուցահանդեսին:
Հիշեցնենք,
որ Beeline-ը հանդիսանում է ամենամյա DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի
մշտական գլխավոր գործընկերը: Ճամբարի հիմնական նպատակն է տեղեկատվական
տեխնոլոգիաներով զբաղվող երիտասարդներին համախմբելը, մոտիվացիոն և կրթական
միջավայր ստեղծելը, ճամբարի երիտասարդ մասնակիցներին ոգեշնչելը` ստեղծելու սեփական
բիզնես և իրագործելու սեփական ծրագրերը: