«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի
Հովհաննիսյանը կարծում է, որ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և
խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ
կուսակցության գծին չի հակասում: Հովհաննիսյանի ասելով, հանդիպման մասին որոշում
էր կայացվել կուսակցությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության
արդյունքում: «Ես այդ ժամանակ Հայաստանում չէի: Ես թռչում էի ԱՄՆ, և, պետք է ասեմ,
որ գիտեի հնարավոր հանդիպման մասին: Թեև անձամբ ես այդ հանդիպմանը չէի գնա:
Միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ Մարտիրոսյանն ու Հակոբյանը գործել են մեր
կուսակցության դիրքորոշմանը հակառակ: Սարգսյանի հետ հանդիպումը կայացել է
միջկուսակցական խորհրդատվությունների շրջանակում, և Մարտիրոսյանի ու Հակոբյանի
գործողություններում դատապարտելի ոչինչ չկա», - հայտարարել է Հովհաննիսյանը մարտի
25-ին կայացած մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք,
որ «Ժառանգության» վերը նշված ներկայացուցիչների Սարգսյանի հետ հանդիպելու
որոշումը քննադատել էր նրանց կուսակից, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա
դիրքրոշումը, սակայն, չի կիսում կուսակցության առաջնորդը: Պատասխանելով
սահմանադրական բարեփոխումների նկատմամբ «Ժառանգության վերջնական դիրքորոշմանն
առնչվող հարցին` Հովհաննիսյանն ընդգծել է, որ իշխանություններն իրենք,
նախաձեռնելով այդ փոփոխությունները, չեն պատկերացնում, թե ինչ են ուզում: «Մենք
իշխանություններին ներկայացրել ենք մեր առաջարկությունների փաթեթը, որոնք առնչվում
են խորհրդարանական ընտրություններում լիակատար անցմանը համամասնական ընտրակարգի և
քվեարկող քաղաքացիների ցուցակի հրապարակմանը: Կընդունեն այդ առաջարկությունները`
շատ լավ, չեն ընդունի` մենք այդ քննարկումներին չենք մասնակցի: Առավել ևս, որ Սերժ
Սարգսյանն` ինքը, առայժմ չգիտի, թե կառավարման որ մոդելն է ավելի լավ երկրի համար:
Անկեղծ ասած` իշխանությունների վարքագիծը մեզ մի քիչ անլուրջ է թվում», - ասել է
Հովհաննիսյանը: