Այսօր Շենգավիթ վարչական շրջանի Գևորգ Չաուշ 39/1 շենքի բնակիչները մեծ խանդավառությամբ նշեցին իրենց շենքի երեք շքամուտքերի վերանորոգման և մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրման աշխատանքների ավարտը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մուտքերի վերանորոգումն իրականացվեց Հաբիթաթ Արմենիայի և Ինեկոբանկի հետ համատեղ իրականացվող Բազմաբնակարան շենքերի վերանորոգման ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է խթանել համատիրությունների կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգումը և էներգաարդյունավետության բարձրացման որոշակի աշխատանքները՝ նպաստելով համատիրությունների և բնակիչների դերի բարձրացմանը և բանկային ոլորտի՝ նման ծրագրերում ակտիվ ներգրավմանը:
«Համատիրություն-բնակիչներ հարաբերությունները պետք է ամրապնդվեն: Միայն վստահության, կամքի և համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր այս ծրագրի հաջողությունը», - ասում է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի Ծրագրերի տնօրեն Կարինե Մաիլյանը:
Գևորգ Չաուշ 39/1 շենքի բնակիչների կողմից երկար սպասված համատեղ ծրագիրն իրականացվեց Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթ վարչական շրջանի, Գևորգ Չաուշ համատիրության, Ինեկոբանկի և Հաբիթաթ Արմենիայի հետ սերտ համագործակցությամբ: Երևանի քաղապետարանը, ընդառաջ գնալով բնակիչների՝ ծրագրին մասնակցելու մեծ ցանկությանը, իրականացվել է 30% սուբսիդավորում, իսկ Շենգավիթ վարչական շրջանը սուբսիդավորել է տոկոսագումարի մարումը:
Նույն ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում արդեն իսկ վերանորոգվել են 2 շենքերի տանիքներ Վանաձորի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ և սուբիսիդավորմամբ:
«Ուրախ ենք, որ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի համատեղ ջանքերով բազմաբնակարան շենքերի վերանորոգման ծրագիրը շարունակական բնույթ է կրում: Լինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն`Ինեկոբանկն այս նախագիծը դիտարկում է որպես ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կենսամակարդակը բարելավելու փայլուն հնարավորություն», -նշեց «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղի կառավարիչ Հայկ Գասպարյանը»:
Հաբիթաթ Արմենիան պատրաստ է աշխատել ցանկացած շահագրգիռ համատիրության հետ՝ համատեղ վերանորոգելու բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները:
Նշենք, որ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամն իրականացնում է միկրոֆինանսական ծրագրեր՝ ուղղված տների և բնակարանների վերակառուցմանը և վերանորոգմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր՝ համագործակցելով ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչպես նաև իրազեկման աշխատանքներ է տանում մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Այն Հայաստանում գործում է 2000թ. ի վեր և մինչ օրս աջակցել է ավելի քան 3500 ընտանիքների:
Ինեկոբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել
է 1996 թվականին և հանդիսանում է Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայում
դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ: Ինեկոբանկի նպատակն է խթանել մասնավոր հատվածի
զարգացումը` հանդես գալով որպես հուսալի և ազնիվ գործընկեր ու խորհրդատու` միկրո,
ՓՄՁ և անհատ հաճախորդների համար: Ինեկոբանկը համագործակցում է 25-ից ավելի
միջազգային ֆինանսական կառույցների հետ, ինչպիսիք են Միջազգային Ֆինանսական
Կորպորացիան (IFC), Գերմանական Ներդրումների և Զարգացման Կազմակերպությունը (DEG),
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Ասիական Զարգացման Բանկը (ADB)
և այլն: