Ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը հզոր հարված է Անկարայի ժխտողական քաղաքականությանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա կարծիքով, վերջին ժամանակներս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի աշխուժացումը կարող է ճնշում գործադրել Անկարայի նկատմամբ և ստիպել վերանայել հայկական հարցի նկատմամբ իր քաղաքականությունը: «Սա վերջին ամիսներին եվրոպական կառույցների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունված արդեն յոթերորդ բանաձևն է: Իսկ դա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը թևակոխել է նոր, ավելի ակտիվ փուլ», - ամփոփել է փոխխոսնակը:
Ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի լիակազմ նիստում ընդունվել է բանաձև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ: Բանաձևն ընդունվել է ապրիլի 14-15-ի քննարկումներից հետո` ձայների ճնշող մեծամասնությամբ: Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթում նաև նշվում է, որ Եվրախորհրդարանը հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին, ինչիպես նաև Եվրահանձնաժողովին և Եվրախորհրդին կոչ է արվում հետևել իր օրինակին: Եվրախորհրդարանը նաև առաջարկում է սահմանել Ցեղասպանությունների զոհերի հիշատակի միջազգային օր: