Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխօգնության պայմանագիրը մշակման փուլում է գտնվում: Այդ մասին ապրիլի 27-ին խորհրդարանոմ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, պայմանագրի մշակումը պարզ գործընթաց չէ, դրանով զբաղվում են փորձագիտական խմբեր: ՙԵրբ փաստաթղթի մշակումն ավարտվի, և հարմար պահ լինի, մենք կընդունենք այն՚,- նշել է նա: Ըստ որում, պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի դիտարկմանը, թե հարմար պահ կարող է այդպես էլ չլինել՝ Նալբանդյանը հայտարարել է, որ ՙպետք է հաշվի առնվեն որոշ հանգամանքներ, եթե բանակցային գործընթացը շարունակելու ցանկություն կա՚:
ԱԳՆ ղեկավարը հայտարարել է նաև, որ Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի գլխավոր պատճառը Բաքվի ձախողումն էր բանակցային գործընթացում: ՙՆրանք ձախողվեցին բանակցային գործընթացում, փորձեցին ռազմական ճանապարհով լուծել հակամարտությունը և կրկին ձախողվեցին: Իսկ հիմա ստիպված են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, որոնք այլընտրանք չունեն՚,-նշել է նա:
Նալբանդյանը մեկնաբանել է նաև Դմիտրի Ռոգոզինի հայտարարությունը, թե Ռուսաստանը կշարունակի սպառազինություն մատակարարել Ադրբեջանին: Նա նշել է, որ հաճախ դիվանագետներն անդրկուլիսյան խոսակցություններ են ունենում, որոնք արդյունք են տալիս կամ ոչ, սակայն դրանց մասին չեն խոսում: ՙԻնֆորմացիայի մի մասը հրապարակում ենք, սակայն աննպատակահարմար է խոսել մեր բոլոր խոսակցությունների մասին՚,- հայտարարել է նա՝ օրինակ բերելով Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ ՙխոսակցության՚ փաստը
ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրացման վերաբերյալ այդ երկրի ԱԳՆ հայտարարությունից հետո:
Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրացումից հետո Մինսկը հանդես էր եկել պետությունների տարածքային ամբողջականության հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ՝ չհիշատակելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին: