Թբիլիսիի կենտրոնական դատարանը բավարարել է օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը, հաղորդում է Hetq.am-ը: Դատական նիստի ընթացքում ելույթում իր շուրափույթ արտահանձնման մասին խնդրել է
ինքը` Սուքիասյանը, հայտարարելով, որ Հայաստանում մահացել են իր ծնողները, իսկ իր կինը պարբերաբար ահաբեկող ու սպառնալիքներով լի հաղորդագրություններ է ստանում: Մինչդեռ արտահանձնման
օրը դեռեւս հայտնի չէ:
Ըստ Վրաստանում գործող օրենսդրության՝ Աշոտ Սուքիասյանը, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վրացական բանտում կարող է մնալ միայն երեք ամիս: Այս ամիս լրանում է նրա բանտարկության երեք ամիսը, եւ եթե մինչեւ ապրիլի վերջ Աշոտ Սուքիասյանին չտեղափոխեն Հայաստան` փաստաթղթերը պատրաստ չլինելու պատճառով, ապա նրա փաստաբանը կարող է դիմել պատկան մարմիններին՝ խնդրելով հնարավորություն տալ հայ գործարարին ևս երեք ամիս մնալ Վրաստանում:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 17-ին Հայաստանի ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել Սուքիասյանի նկատմամբ: Ավելի վաղ գործարար Փայլակ Հայրապետյանի հայտարարությանը համապատասխան հարուցվել էր քրեական գործ, որի
շրջանակում Սուքիասյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ առանձնապես խոշոր չափերով խարդախության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափի եկամուտներն օրինականացնելու համար:
Նախորդ
տարվա ամռանը Hetq.am-ում
հայտնված «Ո՞վ է Փայլակ Հայրապետյանին զրկել գույքից. օֆշորային եռյակ»
հրապարակման համաձայն, Կիպրոսում գրանցված WLISPERA HOLDINGS
LIMITED օֆշորային ընկերության բաժնետերերն են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը,
Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը: Հետագայում
Սարգսյանը բազմիցս հայտարարել է, թե ոչ Կիպրոսում, ոչ որևէ այլ օֆշորային գոտում
երբեք ոչ ոքի չի գրանցել և ոչ ոքի իր անունից կազմակերպություն գրանցելու
լիազորությամբ չի օժտել: