Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիտորինգի խմբի ընդլայնման հարցում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ՙԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ակտիվորեն աշխատում են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ նախագահների ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ՝ լարվածության թուլացման և հակամարտության խաղաղ լուծման համար բանակցային գործընթացի հետագա առաջխաղացման նպատակով: Նախագահները համաձայնության են եկել շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիտորինգի խմբի ընդլայնման հարցում: Նախատեսվում է հակամարտության կարգավորման շուրջ լայնածավալ բանակցությունների շարունակում՝ յուրաքանչյուր կողմից բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվամբ: Դիվանագիտական ուղղությամբ առաջընթացն անհրաժեշտ է կողմերի միջև լարվածության թուլացման համար՚,-ասել է Ուորլիքը: