ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ակտիվորեն զբաղված է առաջիկա նախագահական ընտրությունների համար թիմ հավաքագրելով: Այդ մասին գրում է ՙԺողովուրդ՚ թերթը`վկայակոչելով իր աղբյուրները:
Աղբյուրի համաձայն, այս օրերին նախարարը հանդիպում է ամենատարբեր շրջանակների մարդկանց հետ, զրուցում երկրի վիճակի մասին, մտահոգություններ հայտնում տիրող անարդարության մթնոլորտի վերաբերյալ, դժգոհում երկրի տնտեսական վիճակից եւ այդկերպ փորձում շոշափել առկա ընդհանուր տրամադրությունները, որպեսզի հասկանա, թե մարդկային ինչպիսի ռեսուրսներ է պետք ընդգրկել իր ապագա թիմում:
ՙՕհանյանի հետ հանդիպումների մասնակիցներից շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե ՊՆ նախարարն անձամբ դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ չի ցանկանում նախագահ դառնալու դեպքում ունենալ անգլիական թագուհու կարգավիճակ: Նա նպատակ ունի երկրի ղեկն իր ձեռքը վերցնել ՀՀ նախագահի այսօրվա լիազորություններով՚,- գրում է թերթը:
Նոր Սահմանադրության նախագծին Օհանյանի դեմ լինելու վերաբերյալ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ՙԺողովուրդ՚-ի հետ զրույցում ասել է. ՙՊաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ամսի 16-ին հավաքակայանում հայտնեց իր տեսակետը սահմանադրական բարեփոխումների մասին: ՀՀ ՊՆ-ում որեւէ քննարկում չի եղել այդ հարցի շուրջ, նախարարը երբեք նման քննարկում չի արել, լինելու դեպքում մենք կտեղեկացնենք՚:
Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների նոր նախագծով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական ձևի`նախագահի իրավունքների և լիազորությունների զգալի սահմանափակմամբ