Հայաստանը Թուրքիայից հայտարարություններ է ակնկալում Ցեղասպանության առնչությամբ:
Ինչպես հաղորդում է «Ինոպրեսսան», այդ մասին իտալական «Corriere della sera» օրաթերթին
հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Վատիկան իր այցի ընթացքում:
Օրաթերթում հրապարակված հարցազրույցում հայոց պետության ղեկավարն անդրադարձել է
միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն սպեկտրի:
«Հայաստանը շահագրգռված է Արևելքի և Արևմուտքի միջև համագործակցության պահպանմամբ: Փոքր երկրների համար չափազացն վտանգավոր են
խոշոր համաշխարհային կենտրոնների միջև հակասություններից օգտվելու փորձերը: Մենք ռազմավարական և տնտեսական հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, Մոսկվայի հետ միասին ընդգրկված ենք ՀԱՊԿ-ում, սակայն, միևնույն ժամանակ, շատ լավ հարաբերություններ ունենք Միացյալ Նահանգների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ: Այսպիսով, նրանց միջև հարաբերությունների լարվածության դեպքում մենք ընտրություն ենք կատարում հօգուտ չմիջամտության: Մենք մեր արտաքին քաղաքականությունը կառուցում ենք որոշակի հարցերի շուրջ», - ասել է Սարգսյանը:
Որպես նման քաղաքականության օրինակ, Սարգսյանի կարծիքով, կարելի է դիտարկել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Ղրիմի վերաբերյալ քվեարկությունը: «Հայաստանը դեմ քվեարկեց բանաձևի ընդունմանը, և ոչ միայն այն
պատճառով, որ Ռուսաստանն էլ էր նույնն արել: Ինչպես Դուք գիտեք, դեռ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որի բնակչության ճնշող
մեծամասնությունը հայեր են: Արցախը անկախություն է հռչակել Ադրբեջանից: Մեզ համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է: Մենք մերժում ենք այն մոտեցումը, որ համընդհանուր ընդունված սկզբունքի գործադրման համար պետք է թույլտվություն հայցել», - ընդգծել է նախագահը:
«Ես հիշում եմ, ինչպես ԽՍՀՄ փլուզման ժամանակ Եվրոպան լիովին պաշտպանեց ինքնորոշման իրավունքը: Հայաստանը, Ադրբեջանը, հենց նույն Ուկրաինան անկախացան այդ սկզբունքի կիրառման արդյունքում: Միթե՞
մենք պետք է աջակցենք այդ իրավունքի իրականացմանը միայն այնպիսի խոշոր տարածքային կազմավորումների նկատմամբ, ինչպիսին էր ԽՍՀՄ-ը, բայց` ոչ ավելի փոքր կազմավորումների նկատմամբ: Արժե հիշել Կոսովոյի անկախությունը. ոչ մի տարբերություն Լեռնային Ղարաբաղի հետ», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Պատասխանելով Կոսովոյի և Ղրիմի միջև տարբերությանն առնչվող
թղթակցի հարցին` Հայաստանի նախագահը նշել է, որ իրեն իրավունք չի վերապահում դատելու Ղրիմի մասին: «Բայց միանգամայն ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է ինքնորոշման իրավունքի իրացմանը: Ամեն դեպքում, մենք հակասություն չենք տեսնում ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի միջև: Երկուսն էլ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հիմնարար սկզբունքներ են», - նշել է Սարգսյանը: Նա նաև կարծում է,
որ ստեղծված պայմաններում ղարաբաղյան խնդրի լուծումը դեռ հեռու է թվում: «Եվ ոչ միայն Ադրբեջանի ռազմատենչ
տրամադրությունների պատճառով, որի դիրքորոշումը պաշտպանում է Թուրքիան: Այդ երկիրը
շարունկաում է ժխտել հայ ժողովրդի
ցեղպանության փաստը: 2015 թվականին կնշվի դրամատիկական իրադարձությունների 100-ամյա տարելիցը: Ես Թուրքիայի
նախագահ Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու հիշատակման արարողությանը, բայց կասկածում եմ, որ նա գա», - ասել է Սարգսյանը:
Հայոց
պետության ղեկավարը նաև ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի վերջին իրադարձություններն անհանգստացնում են միջազգային հանրությանը և Հայաստանին: «Իրաքում և Սիրիայում կային մեծ հայկական համայնքներ, որոնք դավանում էին քրիսստոնեություն և ապրում
մահմեդականների հետ համաձայնության պայպաններում: Այժմ ականատես ենք դառնում այդ տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության աստիճանական ոչնչացմանը: Մենք փոքր երկիր ենք, սակայն Հայաստանի կառավարությունը միշտ աջակցել է տարածաշրջանի կայունացմանն ուղղված մեծ կոալիցիաների ջանքերին: Հոկտեմբերի վերջին նախատեսվում է հայկական զորախմբի տեղակայում Լիբանանում ՄԱԿ խաղաղապահ առաքելության կազմում` իտալական հրամանատարության ներքո», - եզրափակել է Սարգսյանը: