Թուրքիան ցանկանում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շուտափույթ կերպով լուծվի, բայց` Ադրբեջանի պահանջներին համապատասխան: Այս մասին Տրենդ-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության միջազգային անվտանգության գծով գլխավոր տնօրեն Բասաթ Օզթյուրքը:
«Այս հարցում Թուրքիայի մոտեցումը անփոփոխ է` մենք մշտապես Ադրբեջանի կողքին ենք: Դա բացարձակ և իրական աջակցություն է», - Trend գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է թուրք դիվանագետը:
Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջերս Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումը դրական քայլ էր:
«Թուրքիան հանդես է գալիս բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալու պգտին, այդ թվում նաև Ռուսաստանի հետ: Մենք կողմ ենք խաղաղության և հարևանների հետ հարաբերությունների զարգացման, բայց, անկասկած է, որ դրա համար անհրաժեշտ է նաև հակառակ կողմի կամքը»,-եզրափակել է Օզթյուրքը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` ՌԴ նախագահի նախաձեռնությամբ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին մայիսի ս.թ. 16-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և հաշտության գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը»: