«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է ընդունել վճարումներ EasyPay ընկերության տերմինալների միջոցով: Ինչպես հայտնեց Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Հասմիկ Ներսեսյանը, Առէկսիմբանկն այս ծառայությունը համարում է շատ հեռանկարային: «Առէկսիմբանկը մշտապես կարևորել է բանկի զարգացման նորարարական մեթոդների կիրառումը, հետևաբար` EasyPay ընկերության հետ համագործակցությունը ևս մի քայլ կլինի այդ ուղղությամբ»:
Հ. Ներսեսյանի խոսքերով, նոր ծառայությունը շատ հարմարավետ է և հնարավորություն է տալիս օնլայն ռեժիմում մարել վարկեր, ինչպես նաև համալրել քարտային կան ընթացիկ հաշիվներ` առանց բանկ այցելելու անհրաժեշտության և անկախ բանկի աշխատանքային գրաֆիկից: «EasyPay վճարային տերմինալների ցանցը ակտիվորեն զարգանում է, և դրանց քանակը տարեցտարի անշեղորեն ավելանում է: Բացի այդ, EasyPay ցանցն ունի առանձին սպասարկման կետեր, որոնք նույնպես ընդունում են վճարումներ: Չմոռանանք նաև բանկի մասնաճյուղերի և բանկոմատների մասին, որտեղ կարելի է իրականացնել տարբեր ֆինանսական գործառնություններ»:
Հ. Ներսեսյանը նշեց, որ համակարգից օգտվելը շատ հեշտ է. ընդամենը պետք է մուտք գործել տերմինալի «Ծառայությունների վճարում» բաժինը, «Ֆինանսներ» ենթաբաժինը, այնուհետ ընտրել «Առէկսիմբանկ» և կատարել վճարում: «Անհրաժեշտ է գիտենալ, որ աշխատանքային օրվա մինչև 17:00 մուտքագրված գումարը հասանելի է դառնում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ աշխատանքային օրվա 17:00-ից հետո, ինչպես նաև ոչ աշխատանքյաին օրերին մուտքագրված գումարը` հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում»:
Հիշեցնենք, որ Առէկսիմբանկն ընդունում է վճարումներ նաև TellCell ընկերության տերմինալների միջոցով: