Օգոստոսի 21-ի նիստում ՀՀ կառավարությունը կայացրել է «Պարտքի դիմաց գույք ընդունելու միջոցառումների
մասին» որոշումը, որը պայմանավորված է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային
համալիր» ՓԲԸ բյուջետային վարկի պարտքի (ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ) և նախապես
վճարված պետական տուրքի գծով դատական ծախսի (ավելի քան 205 մլն ՀՀ դրամ)
բռնագանձման հարկադիր կատարման վարույթի շրջանակում ԵԿԴ 0191/04/14 սնանկության
գործով ՀՀ ֆինանսների նախարարության մորատորիում չտարածելու մասին 04.08.2014 թ.
ծանուցման հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից 2014 թ.
օգոստոսի 14-ից հայտարարած՝ անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդը գնորդ
չլինելու հիմքով չկայանալու և պարտքի դիմաց ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ
ԱԱՀ) գնով անշարժ գույքի (հողամաս ավելի քան 9 հա, շենք-շինություններ շուրջ 53
հազ. քմ) ընդունման մասին հարկադիր կատարողի առաջարկով:
Ինչպես
նշվում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի
վարչությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաղորդագրությունում, պետության
սեփականության իրավունքի գրանցումից հետո անշարժ գույքն ամրացվելու է «ՀՀ
պաշտպանության նախարարություն» պետական կառավարչական հիմնարկին՝ հաշվեկշիռ մուտքագրելով
մոտ 10.5 մլրդ ՀՀ դրամ ձեռքբերման արժեքով: Որոշման համաձայն մարզահամերգային
համալիրն օգտագործվելու է նպատակային նշանակությամբ: