Էլեկտրաէներգիայի թանկացումը քաղաքացիների փողոց դուրս գալու առիթ է միայն, իսկ իրական պատճառները շատ ավելի խորն են: Հուլիսի 1-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա ասելով, եթե երկրում վերանում են մարդկանց կամքի արտահայտման ճանապարհները, ապա միշտ գտնվում է այլ ուղի: Ընդ որում քաղաքագետը հավելել է, որ փողոցային բողոքներն արդեն ավանդույթ են դարձել Հայաստանում: «Եթե ժողովրդին հուզող հրատապ հարցերի շուրջ բանավեճեր չեն ծավալվում պետական կառույցներում, օրինակ, խորհրդարանում, ապա հասարակությունը գտնում է քննարկումների այլ վայր` դուրս գալով փողոց: Եթե դուք նկատել եք, ապա փողոց են ելել, գործնականում, սոցիալական մեկ շերտի մարդիկ` երիտասարդներ, ուսանողներ, ովքեր սոցցանցերի ակտիվ օգտատերեր են: Ի սկզզբանե սխալ էր մայդան անվանել այն, ինչ տեղի է ունենում Երևանում, քանի որ մայդանում ամեն ինչ տեղի է ունեցել միանգամայն այլ հունով», - կարծում է փորձագետը:
Իսկանդարյանը նաև համոզված է, որ միայն երիտասարդ ցասումն ու եռանդը բավական չեն առաջադրված խնդիրները լուծելու համար: Նա ընդսմն հավելել է, որ բողոքի այս գործողություններին պակասում էին գաղափարներ, տեքստեր, մեթոդաբանություն, տեխնոլոգիաներ և առաջնորդներ: Միևնույն ժամանակ փորձագետը նշել է, որ Ոստիկանությունն ի սկզբանե իրեն սխալ պահեց` կիրառելով ուժ: «Այս հարցն անհնար է բռնությամբ լուծել: Նույնիսկ, եթե ամեն բան հարթվի, և մարդիկ ցրվեն, խնդիրը կմնա», - ընդգծել է Իսկանդարյանը:
Նա ընդսմին կարծում է, որ հնարավոր է գործընթացների զարգացման մի քանի սցենար, մասնավորապես, իշխանությունները կփորձեն ճնշել մնացած ոչ մեծաթիվ ցուցարարներին, ինչը քիչ հավանալկան է և խնդիրը չի լուծի; վայրի փոփոխում, այսինքն, գործողությունների փոխադրում Ազատության հրապարակ և վրանային գործողությունների անցկացում, ինչը կարող է շարունակվել շատ երկար, ցուցարարների թվի մեծացում:
Միևնույն ժամանակ, խոսելով Հայաստանի նախագահի վարքագծի մասին` Իսկանդարյանը նշել է, որ պետության ղեկավարը ցույց տվեց, որ պատրաստ է երկխոսության և փոխզիջման` ընդ որում պահպանելով իր դեմքը: «Սակայն Բաղրամյանում հավաքված մարդկանց ի սկզբանե պետք չէր երկխոսություն: Ինչու՟ նրանք եկան հենց Բաղրամյան. պատասխանը պարզ է` քանի որ կարելի է հավերժ բողոքել Ազատության հրապարակում և ոչնչի չհասնել: Եվ նրանք, ովքեր գնում էին Բաղրամյան պողոտա, ի սկզբանե պատրաստ էին առճակատման», - եզրափակել է քաղաքագետը: