Իրավունքի տեսանկյունից և նախորդ համանման փաստաթղթերի համեմատ նոր Սահմանարդության նախագիծն առաջընթաց քայլ է: Օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը;
Նրա կարծիքով, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը չի կատարել գլխավոր օրենքը բարեփոխելու նախագահի հրամանագիրը: «Փոփոխություններ կատարելու և այն արդիականացնելոււ փոխարեն փորձագետները մշակել են նոր սահմանադրություն», - նշել է նա: Ընդ որում ՍԴ անդամը կարծում է, որ նոր սահմանադրության այս նախագիծն ավելի ճիշտ է` քաղաքացիների իրավունքների իրացման իմաստով: «Նախագծում վերականգնված է սեփական ճակատագիրը որոշելու քաղաքացիների իրավունքը, այսինքն, 150 հազար ստորագրություն հավաքելու դեպքում հասարակությանը հուզող ցանկացած հարց կքննարկվի հանրաքվեի միջոցով, ինչը ժողովրդավարության լավագույն դրսևորում է», - կարծում է նա:
Որպես նախագծի հիմնական թերություն փորձագետը նշել է մարտական պայմաններում անվտանգության ապահովման հարցերը և դատական համակարգի կախվածությունը: Առաջին դեպքում նա անհասկանալի է համարում այն, որ կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրում անվտանգության հարցերի համար պատասխանատվությունը դրված է գործադիր իշխանության վրա: Իսկ դատական համակարգի առնչությամբ Բալայանը նշել է, որ գերագույն դատական մարմնի կողմից դատավորների նշանակումը և խորհրդարանի կողմից հաստատումը ամրապնդում է դատարանների կախվածությունն օրենսդիր մարմնից:
Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրության նախագիծը ոչ միանշանակ արձագանք է հարուցել հայ հասարակության, փորձագիտական շրջանակների և քաղաքական ուժերի շրջանում, քանի որ ենթադրում է հանրապետության անցնում կառավարման խորհրդարանական ձևի: Նախագծով ընդլայնվում են վարչապետի լիազորությունները, որը պատերազմի պայմաններում ստանձնում է նաև երկրի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթները: Իսկ նախագահին վերապահվում է մի տեսակ դատավորի դեր, որն ապահովում է երկրի սահմանարդության իրացման բնականոն ընթացքը: Նախագահին ընտրում է «ընտրիչների խորհուրդը», այնուհետև նա նշանակում է վարչապետ, որին ներկայացնում է խորհրդարանական մեծամասնությունը: Նախագահը պետք է լինի անկուսակցական, ընտրվի 7 տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի: Խորհրդարանը ձևավորվում է համամասնական ընտրակարգով և բաղկացած է «առնվազն 101 պատգամավորից»:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն օգոստոսի 20-ին հաստատել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը` կից հիմնավորումներով, և ներկայացրել Հայաստանի նախագահին: Օգոստոսի 21-ին Սերժ Սարգսյանը բարեփոխումների նախագիծն ուղարկել է խորհրդարան: Նախագահը ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀՀՇ, «Ազատ դեմոկրատների», Քրիստոնեադեմոկրատական միության ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ է անցկացրել սահմանադրական փոփոխությունների նախագծում ամրագրված դիրքորոշումների շուրջ: Հրավերը մերժել են ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»: