Փարիզում Սարգսյան-Ալիև հանդիպումը կարելի է բնորոշել որպես օգտակար, անկեղծ և կառուցողական, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Փարիզում հոկտեմբերի 27-ին կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՙԻմ հնչեցրած գնահատականներում որոշակի դրական երանգ կար։ Դա պատահական չէ։ Երբ մենք ասում ենք, որ բանակցությունները կառուցողական, անկեղծ, օգտակար էին դա ինչ-որ մի բան նշանակում է: Կարծում եմ, որ այսօր ևս մի փոքր քայլ արվեց դեպի կողմերի դիրքորոշումների մոտեցումը: Իհարկե սա բարդ գործընթաց է: Մեկ կամ մի քանի հանդիպումներերով դժվար է բեկումնային առաջընթաց ակնկալել: Գիտեք, որ վերջին տարիների ընթացքում՝ 2008թ.ից սկսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով 17 հանդիպում է կայացել: Կասեի, որ այս հանդիպումները հնարավորություն են տալիս երկու երկրների ղեկավարներին առավել ծանոթանալու միմյանց մոտեցումներին, և պարզնելու հնարավորություների շրջանակը՝ դեպի հիմնախնդրի կարգավորում առաջ շարվելու համար: Կարծում եմ այս իմաստով հանդիպումը դրական էր՚,- նշել է Նալբանդյանը:
Անդրադառնալով խաղաղության մեծ պայմանգիր մշակելու անհրաժեշտության վերաբերյալ Օլանդի հայտարարությանը`Նալբանդյանը նշել է.ՙԱյդպիսի կոչեր մշտապես եղել են: Դրանք պետք է դիտարկել այն կոնտեքստում, որ երբ մենք պայմանավորվածության գանք հիմնախնդրի կարագավորման հիմնարար սկզբունքների շուրջ, դա հնարավորություն կտա, հիմք կհանդիսանա մեծ պայմանագրի մշակման համար։ Քանի որ հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռ չի ձեռք բերվել, այսօր այդպիսի հարց չի կարող քննարկվել և բնականաբար չի էլ քննարկվել՚:
Նա նաև հայտնել է, որ Փարիզում հանդիպման ընթացքում Ֆրանսիայի նախագահ Օլանդը առաջարկել է կողմերին տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված միջոցներ իրականացնել, այդ թվում`շփման գծում և սահմանին միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը, դիպուկահարների հետ քաշումը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը և այլն:ՙԻնչպես գիտեք թե՛ Հայստանը, թե՛ Ղարաբաղը միշտ դրական են արտահայտվել այս կարգի քայլերի իրականացման վերաբերյալ։ Բայց ադրբեջանական կողմը հակառակ կողմից է մոտենում։ Կասեի, որ այդքան էլ պատրաստ չէ դրան: Կրկնեմ՝ իրենք կարծում են, որ երբ առաջընթաց արձանագրվի բանակցություններում, այդ ժամանակ հնարավոր կլինի քննարկել վստահության ամրապնդման միջոցները։ Եթե առաջընթաց լինի, եթե ինչ-որ լուծումների գանք, ապա կարծում եմ արդեն փոխվստահության ամրապնդման միջոցների ահրաժեշտություն էլ այս աստիճանի չի լինի՚,- նշել է Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրների նախագահների նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին երեք հանդիպումները ցույց են տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափը, չնայած միջագային բեմահարթակում ի հայտ եկած որոշ դժվարությունների, շարունակում է մնալ բավական գործուն ձևաչափ։
Նա նաև հայտնել է, որ հաջորդ հանդիպման վայրի, ժամկետների մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել: ՙՊայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները: Եթե 2012թ. և 2013թ. մեկական հանդիպում է եղել նախագահների մակարդակով, ապա 2014թ. արդեն 3 հանդիպում է կայացել:Շփումներն ակտիվացել են: Կարծում եմ, որ նախագահների, արտգործնախարարների մակարդակով հետագայում ակտիվ շփումները կշարունակվեն՚,- նշել է արտգործնախարարը:
Այնուհետև Նալբանդյանը նշել է, որ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններն առնչվող հարցեր: ՙԱռևտրատնտեսական հարաբերություններն են զարգանում, Ֆրանսիայի ներդրումների ընդհանուր ծավալը մինչև 2013թ. ներառյալ հասել է մեկ մլրդ դոլարի: Մյուս տարվա առաջին կեսին սպասվում է Ֆրանսուա Օլանդի այցելությունը Հայաստան՚,- նշել է նախարարը: