Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին չպետք է Թուրքիայի կողմից բացասական արձագանքի առիթ հանդիսանա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը`մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ՙՄենք չենք կարծում, որ հիշատակի միջոցառումներին նախագահի մասնակցությունը կարող է որևէ կերպ բացասաբար մեկնաբանվել Անկարայի կողմից՚,-ասել է նա:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. ՙՀաշվի առնելով զանգվածային սպանությունները, աքսորները…, որոնք Ռուսաստանն անցյալ դարում իրականացրել է Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում…, մենք գտնում ենք, որ նա պետք է բոլորից լավ իմանա, թե ինչ է ցեղասպանությունը և ինչպիսին են դրա իրավական սահմանները: Մենք գիտենք, որ Ռուսաստանի Պետդուման 1995 թվականից սովորույթ է ձեռք բերել 10 տարին մեկ անգամ հանդես գալ հայտարարություններով`միակողմանիորեն աջակցելով Հայաստանին: Ռուսական խորհրդարանն իր այդ ավանդույթը չխախտեց նաև այսօր` հանդես գալով նոր հայտարարությամբ: Մենք այն նույնպես դատապարտում ենք՚,- հայտարարել է ԱԳՆ-ն: Գերատեսչությունը նաև նշել է, որ ՙապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահի մասնակցությունը Երևանում տեղի ունեցած միջոցառումներին պետք է դիտարկել որպես Հայաստանի քարոզչական աշավի մի մաս՚:
Թուրքիայի արտգործնախարարությունը նաև ընդգծել է, որ ՙ Ռուսաստանը կարող է մեկ բան անել` հրաժարվել իր միակողմանի դիրքորոշումից և դրականորեն նպաստել Թուրքիայի կողմից հայերին և Հայաստանին ուղղված բարեկամության և խաղաղության կոչերի իրականացմանը՚: