Դեկտեմբերի 1-ին ՙՆոր Հայաստանը՚ բողոքի անժամկետ ակցիաներ կսկսի, որոնք կավարտվեն միայն իշխանափոխությամբ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՙՆոր Հայաստան՚ շարժման շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:
Նա հավաստիացրել է, որ արդեն կազմվել է գործողությունների ծրագիր և մշակվել ռազմավարություն: Այս համատեքստում նա նշել է, որ դեկտեմբերի 1-ին տեղի կունենա հասարակության լիակատար համախմբում, որը հետևողական քայլերով կհասնի ցանկալի արդյունքի: ՙՄենք զգույշ կլինենք, որպեսզի հերթական անգամ ժողովուրդն ավելորդ հալածանքների չենթարկվի՚,-ընդգծել է քաղաքական գործիչը:
Սեֆիլյանը չի բացառել նաև, որ հանրահավաքի նախաշեմին բարեփոխումների հակառակորդների նկատմամբ ճնշումներ և ձերբակալություններ սկսվեն: ՙԱմեն ինչ հնարավոր է, սակայն պարզ է, որ ԿԳԲ-ական ոճով երկիրը կառավարելու ժամանակն անցել է՚,- նշել է քաղաքական գործիչը:
Սահմանադրական հանրաքվեն Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրապետական կուսակցության շտաբը գլխավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սահմանադրական բարեփոխումների դեմ ձևավորվել են ՙՈչ՚ ճակատը և ՙՆոր Հայաստան՚ շարժումը: Ընդդիմադիր ՙՈչ՚ շարժման շտաբը գլխավորել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իսկ ՙՆոր Հայաստանի՚ շտաբը՝ Ժիրայր Սեֆիլյանը: