Իրականությանը
չեն համապատասխանում այն լուրերը, թե ՀՀԿ-ն երգչուհի Շուշան Պետրոսյանին ստիպում է
հրաժարվել ԱԺ պատգամավորի մանդատից, որը
նա ստացել է կուսակցության համամասնական ցուցակով: Այդ մասին հայտարարել է ԱԺ
փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` կուսակցության գործադիր
մարմնի նիստից հետո, հավելելով, թե
Պետրոսյանը թիմի անդամ է և զինակից:
Հիշեցնենք, որ սոցցանցերում և ԶԼՄ-ներում
տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ՀՀԿ Շուշան Պետրոսյանին ստիպում է
հրաժարվել ԱԺ պատգամավորի մանդատից, ինչը պայմանավորված է կենսասթոշակային
բարեփոխումների մասին օրինագծի շուրջ քվեարկության ժամանակ Պետրոսյանի
դիրքորոշմամբ, ով «կողմ» չէր քվեարկել ՀՀԿ և Հովիկ Աբրահամյանի կառավարության
կողմից ջանադրաբար առաջ մղվող օրինագծին: Երբ ՀՀԿ պատգամավորները Պետրոսյանից
հետաքրքրվել էին նման դիրքորոշման պատճառի մասին, նա պատասխանել էր, թե դեռ մինչև
ԱԺ պատգամավոր ընտրվելն ինքը նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է
ունեցել առանձին դեպքերում «սեփական խղճին համապատասխան» քվեարկելու
հնարավորության մասին: Այդուհանդերձ, ինչպես պնդում են ԶԼՄ-ների աղբյուրները,
Պետրոսյանի այդ վարքագիծը դուրս չի եկել ՀՀԿ ղեկավարությանը, և կուսակցությունում
որոշել են նրան զրկել մանդատից: