Բաքվում Պաղեստինի դեսպանատունը նոտայով դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանն այն մասին, որ առաջիկայում Հայաստանում Պաղեստինի դեսպանատուն բացելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նոտայում նշվում է, որ Zhamanak Daily-ի կողմից այդ տեղեկատվության շրջանառության մեջ դրվելուց հետո դեսպանատունը կապվել է Պաղեստինի նախագահի աշխատակազմի և ԱԳ նախարարության հետ: Երկու կառույցներն էլ հայտարարել են, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նշենք, որ ՙԺամանակ՚ թերթը գրել էր, որ առաջիկայում հնարավոր է Հայաստանում բացվի Պաղեստինի դեսպանատուն։ ՙՙԱրևելք՚ պարբերականին տված բացառիկ հարցազրույցում Մեծ Բրիտանիայում Պաղեստինի հայազգի դեսպան Մանուէլ Հասեսյանն ասել է, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից հատուկ հանձնարարություն է ստացել վերակազմակերպելու Պաղեստինի և Հայաստանի միջև հարաբերությունները։ Նրա կատարած աշխատանքի արդյունքը պետք է լինի Երևանում Պաղեստինի դեսպանատան բացումը՚,–գրել էր թերթը։