Հանրապետության տարբեր դպրոցների ռոբոտաշինական խմբակներին ինն ամիս առաջ տրամադրված բջջայինները ծառայել են որպես կրթական նյութ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, բնապահպանական այս նախաձեռնության արդյունքում, հեռախոսների դետալները վնասակար թափոն լինելու փոխարեն՝ կիրառվել են տեխնիկական առաջադրանքների լուծման նպատակով: Շահագործված բջջայինները երկրորդ կյանք են ստացել շնորհալի պատանիների առաջարկած լուծումների շնորհիվ:
Ուսումնասիրելով հեռախոսների կառուցվածքը՝ Գավառի 2-րդ դպրոցի պատանիները նախընտրել են անսարք դետալները փոխարինել աշխատող մասերով, հնարավոր դարձնել բջջայինների մի մասի հետագա անխափան աշխատանքը և նվիրել դրանք, իսկ մյուս դետալները կիրառել տեխնիկական այլ խնդիրներ լուծելու նպատակով:
Մի քանի հեռախոսի մարտկոցներ միմյանց միացնելով՝ Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտները ստացել են նույն լարման, բայց ավելի մեծ տարողության մարտկոցներ, դրանց տվել USB մուտք և ելք՝ ստանալով արտաքինից և արևի էներգիայից լիցքավորվող մարտկոցներ: Առանձին դետալներ կիրառվել են էլեկտրական խարտոցներ, մերսող թևնոցներ և այլ սարքեր ստանալու նպատակով:
Երևանի 173 դպրոցի խմբակի սաները ձգտել են սեփական փորձով կիսվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ վստահ լինելով, որ իրենց աշխատանքը կարող է հետաքրքրել շատերին, իսկ ոմանց համար կարևոր դեր խաղալ՝ նախասիրությունից մասնագիտացման անցնելու հարցում: Նրանց ստեղծած էջում տեղադրվող տեսագրություններն ու առաջարկվող լուծումները կարող են կրթական դեր ունենալ հասակակիցների շրջանում և մոնիթորինգի գործիք ծառայել՝ ծնողների համար:
Պատանիների նախաձեռնությունը չի սահմանափակվում թվարկված աշխատանքներով: Լինելով հեռահաղորդակցության առաջատար օպերատոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում երիտասարդների շրջանում բջջայիններից օգտվելու և դրանցից առավել խելացի՝ բնապահպանական ճանապարհով ձերբազատվելու իրազեկվածության բարձրացումը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: