Եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, թող բացահայտ անի դա, լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:
ՙԱնձամբ ինձ համար ՙընդհատակ անցած՚ Քոչարյանի հայտարարությունները, որպես քաղաքական երևույթ, անհասկանալի են: Քողարկված քայլեր անելու ժամանակները վաղուց անցել են: Եվ եթե Քոչարյանն իրականում ձգտում է վերադառնալ քաղաքականություն, ապա պետք է բացահայտ ասի իր ծրագրերի մասին`վերջ դնելով նման գործելաոճին՚,- հայտարարել է հանրապետականը:
Թովմասյանն իր անհամաձայնությունն է հայտնել երկրորդ նախագահի վերջին գնահատականներին`վստահաբար հայտարարելով, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը բավականին վաղուց է հասունացել, և այն հիմնավորված է երկրում ստեղծված իրավիճակով:
Նախօրեին 2rd.am կայքին տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին, ասել է, որ չկա երկրի առջեւ ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: ՙԱռաջին հարցը, որ ծագում է իմ մեջ. արդյո՞ք հասունացել է այդպիսի բարեփոխումն ընդհանրապես: Ինչքանո՞վ է Սահմանադրությունը խանգարում իշխանություններին` համարժեք արձագանքել առաջ եկող մարտահրավերներին: Կարող եմ վստահորեն ասել` ոչ՚, - հայտարարել է Քոչարյանը: Նա ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումների անցկացման հարցում չկա նաեւ արտաքին ճնշում` պայմանավորված համընդհանուր ժողովրդավարական կանոններին Սահմանադրության ինչ-ինչ անհամապատասխանությամբ: ՙՍահմանադրական փոփոխությունների հասունացած սպասում էլ հասարակական տրամադրությունների մեջ հաստատ չկա՚ - նշել է նա: