Էկոլոգների և Մելիք գյուղի բնակիչների դիմակայությունը ՙՄեգո գոլդ՚ ընկերության հետ`կապված երրորդ պոչամբարի կառուցման ծրագրերի հետ, կարծես, ավարտվել է: Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել է ՙԹռչնասերների կենտրոնի՚ ղեկավար Սիլվա Ադամյանը, ՀՀ Բնապահպանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա ներգործության բացասական գնահատական է տվել նախագծին:
Երրորդ պոչամբարի կառուցման նախագիծը հարուցել էր ինչպես էկոլոգների, այնպես էլ տեղի բնակիչների դժգոհությունը: Մասնավորապես`ՙՄեգո գոլդ՚ ընկերությունը ռեկուլտիվացման աշխատանքներ չի իրականացրել Թուխմանուկի երկու`ներկայումս չգործող պոչամբարներում: Դա իր հերթին լուրջ ռիսկեր է պարունակում, քանի որ սպառնում է շրջակա միջավայր ծանր մետաղների ներթափանցմամբ:
Անցած տարի բնապահպանները լխավոր դատախազությանը կոչ են արել` պարզել Թուխմանուկի հանքավայրի շահագործման լիցենզիայի հետ կապված իրավիճակը: 2005 թ.ընդերքօգտագործման թույլտվության համաձայն, հանքավայրը պետք է շահագործվեր բաց եղանակով 2 տարի, ինչից հետո լեռնահանքային ընկերությունը պարտավոր էր նոր նախագիծ ներկայացնել և անցնել Թուխմանուկի փակ շահագործման: Չնայած այդ պահանջին` ՙՄեգո գոլդ՚ ընկերությունը /Global Gold Mining-ի դուստր/, բնապահպանների կարծիքով, կասկածելի միջոցներով երկարացրել է բաց շահագործման լիցենզիան: