«Ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր
Զարուհի Փոստանջյանը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել Գյումրիի ողբերգական
իրադարձությունների վերաբերյալ հայտարարության նախագիծը:
Հայտարարության մեջ,
մասնավորապես, ասված է. «Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ կառավարման
ղեկավար մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը խախտող անձի
փոխանցումը 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը խախտել է Հայաստանի Հանրապետության
Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեական դատավարության
օրենսգրքերի և «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան
սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» (30
սեպտեմբերի, 1992թ.) և «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան
ռազմաբազայի մասին» (16 մարտի 1995 թ.) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի
Դաշնության միջև կնքված պայմանագրերը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները
հարգում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ ռազմական ոլորտում
առկա երկկողմ պայմանագրերը: Վերոնշյալ պայմանագրերը ենթադրում են Հայաստանի
Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմանի հարգանք և համագործակցություն:
Մինչդեռ, Գյումրի քաղաքում տեղի ունեցած՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը ոչ
միայն իր դաժանությամբ է ցնցել հայ հանրությանը, այլ նաև այդ եղեռնագործության
քրեական վարույթի իրականացումը և մեղադրյալին կալանքի տակ վերցնելը Ռուսաստանի
Դաշնության կողմից արդարացի և իրավաչափ բողոք է բարձրացրել հասարակության
շրջանում, մանավանդ, որ այդ սպանությունը կատարած հանցագործը գտնվում է Ռուսաստանի
իրավասույթան ներքո, 102 բազայի տարածքում»:
Հայտարարության
նախագծում ընդգծված է, որ ՀՀ ԱԺ հետամուտ է լինելու եղեռնագործության
բացահայտմանը, ակնկալում է հանուն արդարության, օրինականության վերականգնման և
հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության՝ Ռուսաստանի Դաշնությունից ողջամիտ
որոշում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական պահանջը բավարարելու
համար առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին անհապաղ
փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին: