ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է հանդես գա զինված հանցավոր խմբավորման ձերբակալման առնչությամբ լրացուցիչ պարզաբանումներով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝մեկնաբանելով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, թե հանցավոր խմբավորումը կապված է քաղաքական ուժերից մեկի հետ:
Ըստ որում, քաղաքագետը նշել է, որ ստեղծված պայմաններում ԱԱԾ-ն պետք է ավելի զգույշ լինի և օպերատիվ կերպով տեղեկատվություն տրամադրի: Քաղաքական ուժերից մեկի հետ ձերբակալվածների կապերի վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկատվության առնչությամբ Սաֆարյանը նկատել է, որ ԱԱԾ-ն չի հերքում այդ տեղեկատվությունը: ՙԴրանից կարելի է ենթադրել, որ լրատվության ՙարտահոսքը՚ կամ արվում է անմիջապես այդ կառույցի հրահանգով, կամ վերջինիս ձեռնտու է այդ լուրերի տարածումը՚,- ասել է նա:
Նշենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: ԱրմԻնֆո-ի ունեցած տեղեկության համաձայն, հանցագործներից երկուսին հաջողվել է փախուստի դիմել: ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ խմբավորումը կապեր ունի սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող ՙՆոր Հայաստան՚ ճակատի հետ: