Հայաստանի Կենտրոնական բանկը
դեկտեմբերի 18-ին կատարած ամենօրյա միջամտությունների ընթացքում արժույթի միջբանկային շուկա է «նետել» 4 մլն.դոլար,
բայց բանկերի շրջանում գնորդներ չեն գտնվել: Դրան զուգահեռ, ֆոնդային բորսայում նույնպես
օրվա ընթացքում չի կատարվել արժութային որևէ գործարք, 548,8 դրամ/դոլար առաջարկի պայմաններում:
Նշենք, որ դեկտեմբերի 8-ից ի վեր սա ԿԲ առաջին միջամտությունն է, որը բանկերի կողմից
մնացել է անպատասխան:
Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 8-ից 17-ը ներառյալ ժամանակահատվածում իրականացված
ամենօրյա միջամտությունների մեկնարկից ի վեր Կենտրոնական բանկը վաճառել է բանկերին
42 մլն.դոլար, մասնավորապես, դեկտեմբերի 8-12-ը` օրական 6 մլն.դոլար, իսկ 15-17-ը`
օրական 4 մլն դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից,
միջին կշռված (ինդիկատիվ) փոխարժեքն այդ ժամանակահատվածում 456,63 դրամից աճել է մինչև
570,58 դրամ /դոլար, իսկ նվազագոյն սահմանային գինը` 455 դրամից աճել է մինչև
567,65 դրամ / դոլար:
Հայաստանի մանրածախ արժույթի շուկայում դրամը դոլարի նկատմամբ մեկ օրում արժեվորվեց
մոտ 18%, մասնավորապես, դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի
նկատմամբ նվազեց մինչև 485 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 586 դրամ/եվրո, ռուսական ռուբլու
նկատամբ` 8 դրամ/ռուբլի, մինչդեռ այս ցուցանիշները դեկտեմբերի 17-ին համապատասխանաբար
կազմել էին` 570 / դոլար, 712 դրամ / եվրո և 8,6 դրամ / ռուբլի: Հատկանշական է, որ
դեկտեմբերի 18-ին, մինչև ժամը 13:00-ն, այսինքն, մինչև ԿԲ արժութային միջամտությունների
արդյունքների մասին հայտարարոմը, դոլարի, եվրոյի և ռուբլու գծով բանկերի օպտիմալ փոխարժեքները
համընկնում էին, քանի որ դոլարի առքի առավելագույն փոխարժեքը և վաճառքի նվազագույն
փոխարժեքը համընկան 510 դրամ/դոլար, եվրոյինը`
620 դրամ/եվրո, իսկ ՌԴ ռուբլունը`8 3 դրամ/ռուբլի մակարդակներում:
Շուկայի մասնակիցները փոխարժեքի կտրուկ տատանումները բացատրում են սպեկուլյատիվ
գործոններով, ինչի մասին է վկայում նաև առքի և վաճառքի միջև մարժայի զգալի տարբերությունը:
Եվ եթե նախորդ օրերին փոխարժեքի ամենօրյա զգալի աճը ստեղծում էր արժույթի (դոլար և
եվրո) արագ գնման խուճապ, ապա այժմ, փոխարժեքի անկման հետևանքով, քաղաքացիների մեջ
կրկին խուճապ սկսվեց, հետագա անկումից ու կերուստներից խուսափելու համար սկսեցին արագ
վաճառել արդեն գնված արժույթը: Ընդ որում, փոխանակման կետերը սահմանափակեցին արժույթի
ընդունման լիմիտը, իսկ բանկերի որոշ մասնաճյուղեր սկսեցին աշխատել հայտերով, այսինքն,
քաղաքացները ներկայացնում են արժույթի փոխանակման հայտ, և միայն բանկի գլխամասային
գրասենյակի հավանությունից հետո այդ հայտը բավարարվում է:
Նախօրեին կայացած մամուլի ասուլիսում
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ դրամն ապրեց գերարժեվորում,
որի հիմնական պատճառը նա անվանեց անհիմն խուճապն ու որոշ տնտեսվարող սուբյեկտների
իրականացրած սպեկուլյատիվ գործողությունները: Նա նաև հայտարարեց, որ Հայաստանի
բանկային համակարգն արժույթի հետ կապված պրոբլեմներ չունի, իսկ անհրաժեշտության
դեպքում ԿԲ-ն հարցը կլուծի իրացվելիության լրացուցիչ ներարկման միջոցով: ԿԲ
վերահսկում է իրավիճակը, տիրապետում է գնաճը զսպելու հնարավորություններին,
ղեկավարվելով գների կայունության ապահովման գերխնդրով: Գնաճի կարճաժամկետ
սպասումները կայունացնելու և դոլարայնացումը զսպելու նպատակով ԿԲ դեռ երկու շաբաթ
առաջ բարձրացրեց լոմբարդային ռեպո դրույքները` մինչև 21%, բայց դա կրում է
կարճաժամկետ բնույթ, և անհրաժեշտության դեպքում այդ դրույքը կարող է արագ իջեցվել:
Բոլոր հանգամանքները հաշվի առնելով, ԿԲ Խորհուրդը կընդունի տոկոսադրույքերի
վերանայման մասին որոշում (վերաֆինանսավորման տոկոսադրույք, լոմբարդային ռեպո,
ներգրավված ավանդներ) և գնաճը կվերադառնա իր նպատակային սահմանին:
Ըստ ՀՀ ԿԲ դեկտեմբերի 8-ի հայտարարության, արժույթի շուկայում հավասարակշռությունը վերականգնելու և արժույթի տատանումները մեղմելու համար մեգառեգուլյատորը մտադիր է մինչև
տարեվերջ կատարել ամենօրյա միջամտություններ: Վաճառվող արժույթի առավելագույն ծավալի հայտարարման իրականացվող քաղաքականությունը թույլ կտա նորմալացնել Հայաստանի արժույթի շուկայում ստեղծված իրավիճակը: Իր
ամենօրյա ներդրումների մասշտաբները Կենտրոնական բանկը փուլերով կնվազեցնի, մինչև
որ հասնի դրամի հավասարակշռված փոխարժեքին: Դրա
նպատակը դրամի փոխարժեքի ձևավորման վրա ՀՀ
ԿԲ ազդեցության նվազեցումն է:Մասնավորապես,
առաջին շաբաթվա ընթացքում (դեկտեմբերի
8-12-ը) միջամտությունների ծավալն
օրական կկազմի 6 մլն.դոլար, որից
հետո, կլախված պահանջարկից, միջամտոյթոնների ծավալներն աստիճանաբար կնվազեն, տարեվերջին հասնելով զրոյի:
Նշենք, որ հոկտեմբերից
մինչև դեկտեմբերի 17-ը Հայաստանի մանրածախ արժույթի շուկայում ՀՀ դրամի
արժեզրկումն ԱՄՆ դոլարի
նկատմամբ կազմել է մոտ 45%, որից հետո, դեկտեմբերի 18-ին
ամրապնդվեց 18% մակարդակում: Տվյալ
պահին, դեկտեմբերի 189-ին (16:30) փոխանակման կետերում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը կազմում է 460/510 դրամ/դոլար,
եվրոն` 528/643 դրամ/1
եվրո, ռուսական ռուբլին` 6.8/9,0 դրամ/1ռուբլի: Օպտիմալ փոխարժեքները Հայաստանի բանկերում մինչև ժամը 14:00-ն կազմել
են` ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 510 դրամ
1 դոլարի դիմաց, եվրոյի
առքի առավելագույն գինը` 620 դրամ
1 եվրոյի դիմաց, իսկ
ռուսական ռուբլու առքի գինը` 8,3 դրամ
1 ռուբլու դիմաց: NASDAQ
OMX Armenia ֆոնդային բորսայում դեկտեմբերի 18-ին գործարքներ չեն կատարվել, իոսկ հունիսից մինչև
դեկտեմբերի 17-ը ներառյալ իրականացվել է $396.5 մլն գումարի արժութային գործարք, իսկ
փոխարժեքը բարձրացել է 407,14-ից մինչև 560.00 դրամ/$1: Բորսայական գործարքների այդ ծավալից շուրջ 117 մլն.դոլարը
բաժին է ընկել
միայն նոյեմբերին: Անցած
շաբաթ (դեկտեմբերի
1-5) արժութային գործարքների միջբանկային շուկան գրանցեց աննախադեպ մաքսիմում`$59.3 մլն, ձևավորելով փոխարժեքը 442,42 դրամ/$1
մակարդակում: