ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է մասնակցել ՙՆոր Հայաստան՚ ճակատի կազմակերպած քաղաքացիական անհնազանդության շուրջօրյա ակցիաներին: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 27-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ:
ՙԵթե ՙՆոր Հայաաստանի՚ քաղխորհուրդը որոշի, որ դեկտեմբերի 1-ին շուրջօրյա ակցիաներ սկսվեն, անպայման կմասնակցեմ, սակայն առայժմ հետագա գործողությունների ռազմավարությունը ընդունված չէ՚,- նա: Ըստ որում, Հովհաննիսյանը հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանի հետագա ճակատագիրը կախված է ոչ իրենից կամ քաղաքական այլ գործչից, այլ՝ հայ հասարակությունից: ՙԵթե ժողովուրդը պատրաստ է երկարատև պայքարի, ապա դեկտեմբերի 7-ին մենք կարթանանք որակապես նոր երկրում և կունենանք բոլորովին այլ ապագա՚,- ասել է քաղաքական գործիչը:
Հովհաննիսյանը նշել է, որ ի տարբերություն մյուս հանրահավաքների՝ այս անգամ կրեատիվ մոտեցում կցուցաբերվի, և կներկայացվի իրադարձությունների զարգացման մի քանի սցենար: Քաղաքական գործիչը նշել է նաև, որ ծանոթ չէ ռազմավարության մի քանի մանրամասների, քանի որ բացակայել է երկրից: ՙԸնտանիքս և հարազատներս բնակվում են ԱՄՆ-ում, հետևաբար՝ հաճախ եմ այնտեղ լինում, երկու հարսանիք ու մի քանի թաղում, ինչպես նաև այլ իրադարձություններ երկրից իմ բացակայությամ պատճառ են հանդիսացել՚,- հայտարարել է կուսակցության ղեկավարը:
Նշենք, որ նախօրեին ՙՆոր Հայաստանի՚ շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում բողոքի անժամկետ և շուրջօրյա ակցիաներ սկսելու մասին: Ի տարբերություն Հովհաննիսյանի՝ նա գտնում է, որ հրապարակում տեղի ունեցածի համար պատասխանատվություն են կրելու կազմակերպիչները, այլ ոչ թե՝ հասարակությունը:
Հիշեցնենք, որ սամանադրական հանրաքվեն Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրապետական կուսակցության շտաբը գլխավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սահմանադրական բարեփոխումների դեմ ձևավորվել են ՙՈչ՚ ճակատը և ՙՆոր Հայաստան՚ շարժումը: Ընդդիմադիր ՙՈչ՚ շարժման շտաբը գլխավորել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իսկ ՙՆոր Հայաստանի՚ շտաբը՝ Ժիրայր Սեֆիլյանը: