Ամանորյա տոներին ընդառաջ Երանի կոնյակի գործարանը անցկացնում է «Բաց դռների օրեր» միջոցառումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին և 21-ին:
Ինչպես նշվում է ԵԿԳ մամուլի ծառայությունից
ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաղորդագրությունում, միայն նշված երկու
օրերին միջոցառման շրջանակներում այցելուների համար բաց կլինի Երևանի կոնյակի
գործարանի գանձարանը, որտեղ ներկայացված է ԱՐԱՐԱՏ կոնյակների ողջ պատմությունը
մարմնավորող հավաքածուն՝ նախորդ դարասկզբի շշալցված անդրանիկ նմուշներից մինչև մեր օրերի արտադրանք:
Բացի այդ, շրջայցը կներառի այցելություն հնեցման
մառան, նախագահական տակառների սրահ, ինչպես նաև արտադրության ամբողջ գործընթացը
ներկայացնող լայնամասշտաբ անիմացիոն տեսանյութի դիտում:
Նշված օրերին` ժամը 10:00-ից մինչև 17:00 Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտակայքից կգործեն անվճար ավտոբուսներ, որոնք ցանկացողներին կտեղափոխեն Երևանի կոնյակի գործարան: Մուտքն ազատ է:
Երևանի կոնյակի գործարանը` ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ
արտադրողը, 1887 թվականին հիմնադրված հայկական կոնյակագործության ավանդույթների
հետնորդն է: ԵԿԳ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուներից
մեկը և խաղող մթերող ամենամեծ ընկերությունը: 1999 թվականին Երևանի կոնյակի
գործարանը անդամակցել է ալկոհոլի համաշխարհային շուկայի համաառաջնորդ Պեռնո Ռիկար
(Pernod Ricard) միջազգային խմբին, որը միավորում է այնպիսի ապրանքային նշաններ,
ինչպիսիք են` Չիվասը (Chivas` շոտլանդական վիսկի) Աբսոլյուտը (Absolut`
շվեդական օղի), Մարտելը (Martell` ֆրանսիական կոնյակ), Ջեյմսոնը (Jameson`
իռլանդական վիսկի) և այլն: