Թուրքիան ստիպված միացել է ՙԻսլամական պետության՚ դեմ կոալիցիային, քանի որ աստիճանաբար մեծանում էր վերջինիս մեկուսացումը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
ՙԹուրքիան ստիպված էր թույլ տալ ամերիկացի զինվորականներին ՙԻնջիրլիք՚ ռազմակայանից Իրաքում և Սիրայում ՙԻսլամական պետության՚ գրոհայիններին ավիահարվածներ հասցնել, քանի որ ահաբեկիչներին հովանավորելու պատճառով վատթարացել են վերջինիս հարաբերությունների ինչպես հարևանների, այնպես էլ տարածաշրջանային ու եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հետ: Անկարան վատթարացրել է հարաբերեությունները նույնիսկ մահմեդական շատ պետությունների հետ, որտեղ ԻՊ-ն արդեն իր ահաբեկչական գործունեությունն է ծավալել՚,- նշել է նա:
Ըստ որում, փորձագետը գտնում է, որ Անկարայի ՙսև օրերը՚ նոր են սկսվում, քանի որ ԻՊ-ն մտադիր չէ անպատասխան թողնել Անկարայի և Վաշինգտոնի գործողությունները: ՙԱրդեն հայտարարություններ են հնչում այն մասին, որ Թուրքիայի խոշոր քաղաքներում կազմակերպվելու են ահաբեկչություններ: Բացի այդ, քրդերը կփորձեն օգտվել իրավիճակից և բարձրացնել ազգային անկախության հարցը՚,-նշել է թուրքագետը: Չաքրյանը ապատեղեկատվություն է համարում նաև թուրք-ամերիկյան գործարքի մասին խոսակցությունները, ինչի հետևանքով Թուրքիան թույլատրել է իր տարածքից ավիահարվածներ հասցնել`Սիրիայի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծելու փոխարեն: Նրա խոսքով, այդ ապատեղեկատվությունը տարածում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը: ՙՀնարավոր է, թուրքական ԶԼՄ-ներում նման տեղեկատվության ՙարտանետում՚ կատարվել է`ցույց տալու, որ իշխանությունները չեն հրաժարվում իրենց դիրքորոշումից, ընդհակառակը, հասնում են առաջադրված նպատակներին՚,- ասել է նա:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թույլ է տվել ամերիկացի զինվորականներին երկրի հարավ-արևելքում գտնվող ՙԻնջիրլիք՚ ռազմակայանից ավիահարվածներ հասցնել Իրաքում և Սիրայում ՙԻսլամական պետության՚ գրոհայիններին: Թուրքիան առաջին անգամ հարվածներ է հասցրել ԻՊ խմբավորման դիրքերին`ոչնչացնելով Սիրիայում իսլամիստների չորս օբյեկտ: Հարվածների ընթացքում, նախնական տվյալներով, ոչնչացվել է 35 գրոհային: Ավիահարվածների պատճառ են համարվում հետախուզության տվյալներն այն մասին, որ գրոհայիններն սկսել են ծանր սպառազինություն կենտրոնացնել Թուրքիայի հետ սահմանի մերձակա գյուղերից մեկում: