Գարունը տարվա ամենագեղեցիկ եղանակն է,
սակայն դրա մոտենալը հաճախ ոչ միանշնակ է անդրադառնում մարդկանց առողջության, նրանց ֆիզիոլոգիական և հոգեբանահուզական վիճակի վրա: Մարդիկ դառնում են չափազանց զգացմունքային,
առանձին դեպքերում,
նույնիսկ`
ագրեսիվ:
Բժշկության մեջ այդ վիճակը,
պայմանականորեն,
անվանում են
«գարնանային սրում»:
Դժվար է ասել, թե արդյոք Հայաստանի խորհրդարանում երեկվա միջադեպը
«գարնանային սրման»
հետևանք էր,
սակայն փաստ է,
որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն իրեն դրսևորեց,
մեղմ ասած,
ոչ այնքան համարժեք:
Եվ այսպես … Երեկ Ազգային
ժողովի ճեմասրահում ժամանակակից գեղանկարչության ցուցահանդեսի բացմանը ելույթ է
ունեցել նաև ինքը` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը: Ինչպես և ենթադրվում էր,
Գալուստ Սահակյանի ելույթից հետո միջոցառմանը ներկա լրագրողները, ելնելով իրենց
մասնագիտական պարտականություններից, որոշել էին պետության երկրորդ դեմքին հարցեր
ուղղել վերջին ներքաղաքական գործընթացների մասին, հասկանալ, թե նրա հեղինակավոր
կարծիքով, ինչով է ավարտվելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «բազմաթիվ բացակայությունների»
հետևանքով մանդատից զրկելու ընթացակարգը: Գալուստ Սահակյանն արվեստի մեծ գիտակ է և
չափազանց նուրբ անձնավորություն, սակայն ելնելով կառավարման համակարգում իր
դիրքից, նա ստիպված է ոչ միայն բացել ցուցահանդեսներ, այլև պատասխանել լրագրողների
այս կամ այն հարցերին, անգամ` եթե դրանք վերաբերում են մեծ քաղաքականությանը:
Բայց` ոչ …. Գարնան գալուստը, ըստ երևույթին, ազդել է նաև Հայաստանի խորհրդարանի սովորաբար
զրուցասեր խոսնակի վրա: Հենց որ լրագրողներն իրենց «հատուկ տեխնիկայով» մոտեցել են
նրան, Սահակյանը հանկարծ կտրուկ բղավել է. «Հիմա ես կկանչեմ անվտանգության
աշխատակիցներին և ձեզ բոլորիդ այստեղից կհեռացնեն: Գնացեք այստեղից, մի խանգարեք:
Դուք ոչ թե լուսաբանում եք, այլ ամեն ինչ սևացնում եք: Մի մոռացեք, թե ինչու եք
դուք այստեղ, գնացեք և զբաղվեք ձեր գործով»: Այս լույսի ներքո ԱԺ խոսնակին ուղղված
հարց է ծագում, իսկ ինքն ի՟նչ նկատի ուներ` կոչ անելով «գնացեք և զբաղվեք ձեր
գործով»: Միթե՟ խորհրդարանի խոսնակին
հարցեր տալը ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների պարտականությունների շրջանակից
դուրս է: Կամ` գուցե՟ Գալուստ Սահակյանը մշակել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների
լիազորությունների հատուկ շրջանակ, որոնց մասին առայժմ ոչ ոքի հայտնի չէ: Եվ`
երկրորդը: Այն, որ չորրորդ իշխանությունը վերջին տարիներին զգալի դեգրադացիա է ապրել,
գաղտնիք չէ, և այդ համատեքստում ԶԼՄ-ների ներկայացուցիչների ուղղված Գալուստ
Սահակյանի` «իրենց գործով զբաղվելու»
կոչերը միանգամայն տրամաբանական են
հնչում, սակայն մեծ հարց է, թե արդյոք իրենց գործով են զբաղվում և իրենց տեղում են
բոլոր նրանք, ովքեր լրագրողներին խորհուրդ են տալիս «զբաղվել իրենց գործով» …
Հ.Գ. Վերջում ժամանակակից
գեղանկարչության ջատագով Գալուստ Սահակյանը բոլոր ներկաներին խորհուրդ է տվել
«օգտվել ցուցահանդեսից»: Ի դեպ, այդ արտահայտությունը Հայաստանի խորհրդարանի
խոսնակի բառապաշարի միակ «գլուխգործոցը» չէ: Այնպես կուզեինք բառափոխել հայտնի
«Զայչիկ» ֆիլմի հերոսին և ՀՀ ԱԺ խոսնակին խորհուրդ տալ սիրել ոչ թե իրեն
քաղաքականությունում, այլ` քաղաքականությունն իր մեջ, առավել ևս, որ արվեստից ինքն
արդեն գլուխ հանում է: