Հայոց ցեղասպանությունը մոռացության չի մատնվի`անկախ ամեն ինչից, հայտարարել է գերմանացի պատգամավոր Ալբերտ Վայլերը`ելույթ ունենալով ՙԸնդդեմ ցեղասպանության հանցագործության՚ գլոբալ համաժողովի ժամանակ:
ՙXX դարը սարսափելի աղետների դարաշրջան էր: Մեկուկես միլիոն հայ կոտորվեց թուրքական կառավարության կողմից, և դա Ցեղասպանություն էր: Մեր կառավարությունը համարձակություն չցուցաբերեց և չճանաչեց Հայոց ցեղասպանությունը՚,- նշել է նա: Վայլերը հիշեցրել է, որ աշխարհի բազմաթիվ գիտնականներ, խորհրդարանականներ, քաղական գործիչներ տարիներ շարունակ Թուրքիային կոչ են արել ճանաչել իր պատմության փաստերը:
ՙՄենք`գերմանացիներս, XX դարում նույնպես ծանր մեղք բարդեցինք մեզ վրա. ես խոսում եմ Հոլոքոսթի մասին: Բայց մեզ ներեցին, քանի որ մենք դատապարտեցինք մեր անցյալը: Դա հեշտ չէր, մեծ ջանքեր էր պահանջում, բայց մենք դա արեցինք՚,- ընդգծել է պատգամավորը:
Նրա խոսքով, եվրոպական ընտանիքի մաս դառնալու համար հարկավոր է ճանաչել սեփական անցյալը: ՙԿոչ ենք անում թուրքերին, հատկապես`մտավորականությանը, խիզախություն ցուցաբերել և ճանաչել իր անցյալի սև էջերը՚,- նշել է նա: