Ադրբեջանը հակված է ռուս խաղաղպահներ մտցնելու հակամարտության գոտի՝ ակնկալելով Ռուսաստանի օգնությամբ Ղարաբաղից ՙկտոր՚ պոկել: Այդ մասին հայտարարել է Քաղաքական և միջազգային հարաբերությունների կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը՝ խոսելով սահմանին իրավիճակի սրացումից:
Նրա խոսքով, նավթի գների նվազումը հանգեցրել էԱդրբեջանում կենսամակարդակի կտրուկ անկման: Բաքուն հասկանում է, որ ոչ միայն պատերազմ սկսելու վերջին շանս ունի, այլ նաև որոշ ժամանակով երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման հետ կապված խնդիրները հեռացնելու հնարավորություն: Աղասի Ենոքյանը համոզված է, որ Ռուսաստանը նույնպես շահագրգռված է իրավիճակի սրմամբ և ակնկալում է սահմանափակ զորակազմ մտցնել հակամարտության գոտի:
Պատերազմը կշարունակվի ճիշտ այնքան, որքան կպահանջվի ռուս խաղաղապահների մուտքն ապահովելու համար, նշել է Ենոքյանը: ՙԱռանց որևէ լուրջ ծախսի, Ռուսաստանը քաղաքական շահաբաժիններ կապահովի իր համար՚,- հայտարարել է փորձագետը: Ինչպես նշել է Ենոքյանը, եթե նախկինում Ադրբեջանը կտրականապես դեմ էր ռուսական խաղաղապահ զորակազմի առկայությանը, ապա հիմա, ընդհակառակը, հակված է թույլ տալու դա՝ ակնկալելով Ռուսաստանի օգնությամբ ԼՂՀ-ից կտոր ՙպոկել՚: Միաժամանակ, ինչպես նշել է փորձագետը, Հայաստանն արդեն փաստացի գնում է դեպի խաղաղապահների տեղակայմանը համաձայնելուն:ՙՊետք է հասկացնել Ռուսաստանին, որ համաշխարհային հանրությունը թույլ չի տա իրեն միանձնյա լուծել ղարաբաղյան հակամարտությունը՚,- ասել է Քաղաքական և միջազգային հարաբերությունների կենտրոնի տնօրենը: