Գերժամկետ ծառայության համար հավաքագրում է հայտարարելու, ինչպես նաև լրացուցիչ ռեզերվներ ստեղծելու և զինամթերքի համալրման նպատակով միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության որոշումը ռազմավարական նշանակություն չունի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, բոլոր այդ գործողություններն ավելի շուտ ցուցադրական բնույթ են կրում:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նոր միջոցառումներ է անցկացնում լրացուցիչ ռեզերվներ ստեղծելու և հայկական զինված ուժերի դեմ հարձակվողական գործողություններում ծախսված զինամթերքի համալրման նպատակով: Ադրբեջանի ՊՆ հաղորդման համաձայն, զորքերի տնօրինմանն են հանձնվել տարբեր տրամաչափի զինամթերք, որոնք նախատեսված են տարբեր տեսակի սպառազինությունների համար և արտադրված են Ադրբեջանի, Ռուսաստանի և այլ երկրների ռազմարդյունաբերական համալիրների կողմից: Միևնույն ժամանակ ստեղծվում են լրացուցիչ անձեռնմխելի ռեզերվներ` տևական մարտական գործողությունների ապահովման համար, ասվում է հաղորդագրությունում: ԱՀ պաշտպանության նախարարությունը նաև գերժամկետ ծառայության համար հավաքագրում է հայտարարել: