Ադրբեջանի ԱԳՆ քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը; Բաքուն փաստաթուղթը համարել է «չհիմնավորված, կանխակալ և անլուրջ», որն իբր երկակի ստանդարտների վառ օրինակ է: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
« Եվրախորհրդարանում այդ բանաձևին հավանություն են տվել Հայաստանի և հայկական լոբբի ազդեցության տակ գտնվող շրջանակները, և, ընդհանրապես, հայոց ցեղասպանություն արտահայտության օգտագործումը պատմությունը խեղաթյուրելու, այն քաղաքական նպատակներով մեկնաբանելու փորձ է», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:
Նրա ասելով, 2015 թվականի ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը պաշտպանում է Հայաստանի «անհիմն» նկրտումները և հանգեցնում տարածաշրջանի իրադրության էլ ավելի սրման:
Նշենք, որ ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի լիակազմ նիստում ընդունվել է բանաձև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ: Բանաձևն ընդունվել է ապրիլի 14-15-ի քննարկումներից հետո` ձայների ճնշող մեծամասնությամբ: Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթում նաև նշվում է, որ Եվրախորհրդարանը հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին, ինչիպես նաև Եվրահանձնաժողովին և Եվրախորհրդին կոչ է անում հետևել իր օրինակին: Եվրախորհրդարանը նաև առաջարկում է սահմանել Ցեղասպանությունների զոհերի հիշատակի միջազգային օր: