


Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում զինակցի կրակոցից սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի դագաղը մայրաքաղաք կբերեն ոտքով:
Քանի որ ոստիկանությունը, զինվորականները, ռազմական ոստիկանությունը թույլ չեն տալիս առաջ շարժվել, զոհվածի հարազատները դագաղը հանել են մեքենայից և մտադիր են ոտքով տեղափոխել այն մայրաքաղաք: Այս պահին վատացել է մահացած զինվորի մոր ինքնազգացողությունը, նրան բուժօգնություն են ցուցաբերում։ Նշենք, որ նրանց ընդառաջ են գնացել Ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Այսօր որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քր. օր-ի 112 հոդ-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաև որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին:
Հիշեցնենք, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել մայիսի 15-ին` ժամը 15:30-ի սահմաններում: Ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Ավելի վաղ զոհվածի հայրը`Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Իշխան Ստեփանյանը հայտարարել էր, որ մտադիր է սպանված որդու մարմինը տեղափոխել Երևան և բողոքի ակցիա անցկացնել կառավարության շենքի մոտ`կատարվածի հետ կապված պարզաբանումներ պահանջելով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից:



