Երևանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փակ նիստում բավարարել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված և ծանր հանցագործություններ նախապատրաստվելու մեջ կասկածվող խմբի անդամների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Ներկա դրությամբ դատարանն արդեն բավարարել է խմբի 6 անդամներին կալանքի վերցնելու միջնորդությունը: Ընդհանուր հաշվով բերման է ենթարկվել 21 անձ: Այս մասին հաղորդել են բերման ենթարկվածների փաստաբաններ Լևոն Հայրապետյանը և Ինեսա Պետրոսյանը: Ինչպես նշել է Ինեսա Պետրոսյանը, բերման ենթարկված կանայք կտեղափոխվեն Աբովյանի ՔԿՀ: Նշենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
Նշենք, որ նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: ԱրմԻնֆո-ի ունեցած տեղեկության համաձայն, հանցագործներից երկուսին հաջողվել է փախուստի դիմել: ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ խմբավորումը կապեր ունի սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող ՙՆոր Հայաստան՚ ճակատի հետ: