Ոչ իշխանական եռյակը`ՙԲարգավաճ Հայաստան՚, ՙԺառանգություն՚, ՀԱԿ, պետք է հնարավոր ամեն ինչ անի, որպեսզի չկրկնվեն անցյալի սխալները, արյունահեղություն չլինի, որպեսզի Ազատության հրապարակ եկած մարդիկ չհիասթափվեն: Այդ մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
ՙԱնկեղծորեն ցանկանում եմ, որպեսզի նման մասշտաբային միջոցառումը, ինչպիսին եռյակի հանրահավաքն է, հաջողություն ունենա: Սխալների համար հատուցելու ենք մենք բոլորս: Հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո հասարակության մոտ որոշակի անորոշություն կա: Հուսով եմ, որ այսօր այդ ամենը կշտկվի ու կհարթվի՚,- նշել է դաշնակցականը:
ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կարծիքով, այսօր կայանալիք հանրահավաքի հիմնական նպատակն իշխանափոխությունն է, մնում է միայն ճշտել այդ խնդրի լուծման մեթոդաբանության հետ կապված որոշակի հարցեր: ՙՀուսով եմ, որ հանրահավաքի ընթացքում այդ հարցերը կլուծվեն՚,- ասել է պատգամավորը: