ԵԽԽՎ հանձնաժողովներում հակահայկական զեկույցների ընդունումը ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների հետևանք են, այսօր ղարաբաղյան հարցի շուրջ քննարկումների ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը:
ՙՀայկական կողմը պետք է, վերջապես, պաշտպանությունից հարձակման անցնի, քանի որ միջազգային իրավունքի տեսակետից բավական լուրջ փաստարկներ ունի: Վաղուց ժամանակն է ինքուրույն հանդես գալու նախաձեռնություններով, այլ ոչ թե՝ պաշտպանվել հակառակորդի նախաձեռնություններից՚,- ընդգծել է Շահնազարյանը:
Քաղաքական գործիչը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Բաքվի հանդուգն դիրքորոշումը պայմանավորված է ռուս-ադրբեջանական զենքային գործարքներով, որոնք, նրա կարծիքով, հանգեցրել են հակամարտության կողմերի միջր ռազմատեխնիկական հավասարակշռության խախտման: ՙՌուս-ադրբեջանական հարաբերությունների մերձեցումը, ԵՏՄ-ին անդամակցելու հրավերը, ինչն Ադբեջանը չի հերքում, Բաքվի հանդգնության և տարածաշրջանում լարվածության մեծացման հիմնական պատճառ են, սակայն դա բավարար չէ ԼՂՀ-ում մարտական գործողությունների վերսկսման համար՚,- հայտարարել է քաղաքական գործիչը՝ հիշեցնելով, որ արցախյան պատեազմի ժամանակ Ադրբեջանը 5 անգամ ավելի լավ էր զինված, քան հայկական կողմը, բայց հաղթանակ տարավ վերջինս: Ըստ որում, Շահնազարյանը նշել է, որ հակամարտության կողմերը դեռ երբեք այդքան հեռու չեն եղել խնդրի կարգավորումից: ՙՏվյալ պահին միջազգային իրավունքը դադարում է գործել, ոչ մի երաշխիք ակտուալ չէ՚,- ասել է նա:
Նշենք, որ նոյեմբերի 23-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի կոմիտեն հերթական հակահայկական բանաձևն է ընդունել, այս անգամ` Սարսանգի ջրամբարի վերաբերյալ` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները կանխամտածված զրկվում են ջրից», որի հեղինակը Բոսնիա-Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Ավելի վաղ ԵԽԽՎ օրակարգում էր ներառվել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: Հայաստանի խորհրդարանը մտադիր է հայտարարություն ընդունել այս առնրությամբ: Ինչպես հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, մշակվում են նաև այլ ռազմավարական քայլեր` ԵԽԽՎ-ում թուրք-ադրբեջանական տանդեմի նախաձեռնություններին դիմակայելու նպատակով: