Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Ռադիո Վատիկան»-ով հեռարձակված հարցազրույցում:
«Իհարկե, մինչև ապրիլյան իրադարձությունները մենք խոսում էինք այն մասին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Սակայն այսօր մարդիկ մի քիչ դժվար են ընկալում, թե ինչպես կարելի է փոխզիջումների գնալ մի երկրի հետ, որը խախտեց իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները», - նշել է Հայաստանի ղեկավարը, ընդսմին համոզմունք հայտնելով, որ մենք պետք է գտնենք ղարաբաղյան հակամարտության կարգավարման լավագույն ճանապարհը: «Լավագույնը ոչ թե Ադրբեջանի համար, լավագույնը ոչ թե Հայաստանի համար, այլ լավագույնը Լեռնային Ղարաբաղի բնակչության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և գտնելու ենք այդ լավագույն լուծումը, ես համոզված եմ դրանում, ինչը կբերի իհարկե մեծ զարթոնքի՝ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում և սփյուռքում», - հայտարարել է Սերժ Սարգսյանը: