Քաղաքական դաշտից ռուսաստանամետ ԲՀԿ «վերացման» հարցում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կտրուկ և վստահ գործողությունները վկայում են
Մոսկվայի հետ համաձայնության առկայության մասին: Մարտի 5-ին մամուլի ասուլիսում
այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային անվտանգության խնդիրների հայկական ինստիտուտի
տնօրեն Ստեփան Սաֆարյանը:
Նրա ասելով, եթե Սարգսյանը Մոսկվայի հավանությունն
ստացած չլիներ, այդքան կոշտ եղանակներով չէր հեռացնի իր քաղաքական մրցակցին: Նա
ընդսմին նշել է, որ Մոսկվան իր հերթին սպառնալիք
է տեսել ի դեմս ԲՀԿ-ի, որը, համախմբելով ընդդիմությունը, կարող է գունավոր
հեղափխոություն բորբոքել: «Սակայն Սարգսյանի և Ծառուկյանի բախման ամենահետաքրքիր
մասը հաշտեցումն է ՀՅԴ և ռուսաստանցի ձեռներեց Սամվել Կարապետյանի միջնորդությամբ,
ինչը տեղի է ունեցել որոշակի խոստումներից հետո», - հայտարարել է փորձագետը:
Սաֆարյանը նաև նշել է, որ ստեղծված իրավիճակում կարևոր
չէ, թե ով կգլխավորի ԲՀԿ-ն, քանզի ով էլ դա անի, կուսակցությունն ստիպված է
ընթանալ այն գծով, որով շարժվում էր 2007 թվականին: «Հակառակ դեպքում
կուսակցությունը, պարզապես, կլուծարվի, ինչի մասին վկայում են մանդատներից վերջին
հրաժարումները և կուսակցությունից հեռանալու մասին դիմումները», - նշել է նա:
Փորձագետն ընդսմին կարծում է, որ Ծառուկյանին հասցեագրված իր մեղադրանքներով
Սարգսյանը նեղել է նաև իր թիմին, որի
ներկայացուիչներն իրենց մտավոր ունակություններով առանձնապես չեն տարբերվում ԲՀԿ
առաջնորդից: «ՀՀԿ-ն ստիպված է լինելու փոխել թիմը 2017 թվականի ընտրությունների
նախաշեմին: Նաև հնարավոր է, որ այս տարի ձևավորվի նոր կառավարություն, քանի որ
ներկայիս կառավարությունը ԲՀԿ-ին զիջումների արդյունք էր», - հայտարարել է նա:
Հիշեցնենք,
որ այսօր պետք է կայանա ԲՀԿ համագումար, որի ընթացքում սպասվում է, որ
կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն
իր պաշտոնը կհանձնի խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին: Շրջանառվող լուրերի
համաձայն, Ծառուկյանի այդ որոշումը կուսակցության անդամներից շատերի սրտով չէ,
ինչի պատճառով էլ նրանք մտադիր են հեռանալ կուսակցությունից: ԲՀԿ փոխնախագահի
պաշտոնի համար կանխատեսում են քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի
թեկնածությունը: Հնարավոր է, որ համագումարից հետո ԲՀԿ կանցնի արմատական
ընդդիմության ճամբարը: ԲՀԿ-ում առկա իրավիճակը Ծառուկյանի և նախագահ Սերժ
Սարգսյանի միջև առճակատման արդյունք է: Նրանց «հաշտության» գինը Ծառուկյանի
լիակատար կապիտուլյացիան էր և քաղաքականությունից հեռանալը: