Թուրքիայի ոտնձգություններից Հայաստանին պաշտպանում է ռազմաքաղաքական հավասարակշռությունը, այլ ոչ թե`102-րդ ռուսական ռազմակայանը, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը:
ՙՀայաստանում և Ռուսաստանում ընդունված է ռուսներին և 102-րդ ռազմակայանը որպես Հայաստանի անվտանգության միակ երաշխավոր ներկայացնել: Կարծում եմ, ժամանակն է կոտրել այդ կեղծ կարծրատիպը: Չհաշված աշխարհում գոյություն ունեցող ռազմաքաղաքական հավասարակշռության ելևէջները`հայ ժողովրդի նկատմամբ հերթական ագրեսիա իրականացնել Թուրքիան ի վիճակի չէ: Նման ագրեսիան անխուսափելիորեն կհանգեցնի գլոբալ հավասարակշռության խախտման և, միանգամայն հնարավոր է, այն նախաձեռնողին պատժի ենթարկման՚,- նշել է վերլուծաբանը:
Սարոյանն ընդգծել է աշխարհում Հայաստանի նման տասնյակ ոչ մեծ պետությունների առկայությունը, որոնց անվտանգությունը ևս պահպանվում է հավասարառության հիման վրա: Այդ պատճառով վերլուծաբանը Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ագրեսիան հնարավոր է համարում միայն ՆԱՏՕ-ի թույլտվության դեպքում: Դա հնարավոր է այն դեպքում, եթե Երևանը հանկարծ Արևմուտքի հետ հարաբերությունների կտրուկ սրման գնա, ինչը, բարեբախտաբար, չի դիտվում:
ՙԴրան ավելացնենք Թուրքիայի և Ռուսաստանի միջև խնդիրների բացակայությունը: Եվ, ընդհակառակը, Թուրքիայի և Արևմուտքի միջև այսօր գոյություն ունեցող խնդիրները`Իրաք, Սիրիա, քրդեր, ԻԼԻՊ: Այդ պատճառով առկա աշխարհաքաղաքական դասավորության պայմաններում հենց այնպես Հայաստանի վրա հարձակվել թուրքերը չեն կարող, որքան էլ ցանկանան՚,- ամփոփել է վերլուծաբանը: