Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ կապված օֆշորային սկանդալի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, պատրաստվում են նյութեր: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
ՙՏվյալ պահին գործը հետաքննվում է, պատրաստվում են նյութեր՚,- նշել է նա: Ըստ որում, նախարարը նշել է, որ Պողոսյանն արդեն հրաժարական է տվել և բացատրել դրա պատճառները: ՙՀարուցվել է գործ, պատրաստվում են նյութեր՚,- կրկնել նա: Ըստ որում, նախարարն ավելացրել է, որ կառավարությունը հետևողական է կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում:
Նշենք, որ ապրիլի 18-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: «Հայկական եւ միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաեւ իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի եւ բռնապետական Ադրբեջանի միջեւ քաղաքակրթական որեւէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու՚, - նշել էր Մ.Պողոսյանն իր դիմումում:
Նշենք, որ ապրիլի 3-ին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ու Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնը (OCCRP) հրապարակել են օֆշորների համաշխարհային ցանցին նվիրված հետազոտություն: Խոսքը վերաբերում է շուրջ 11,5 մլն փաստաթղթին, որոնք բացահայտում են ՙստվերային տնտեսության՚ մասշտաբները, որին մասնակցում են համաշխարհային հայտնի քաղաքական գործիչներ ու գործարարներ: Ըստ այդ փաստաթղթերի՝ Միհրան Պողոսանը Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ՚ (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ՚ (Hopkinten Trading Incorporated),«Բանջիո ինվեստ՚ (BANGIO INVEST S.A.),
բաժնետեր է: Այնտեղ գրանցված ընկերությունների միջոցով նա զբաղվում է բիզնեսով՝ թաքցնելով ստացվող եկամուտները: